Հնարավոր է առաջիկայում «Նորմանդական քառյակի» ղեկավարները Դոնբասի հարցով հանդիպեն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, թե հնարավոր է առաջիկայում կայանա «Նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում՝ հույս հայտնելով, որ դա կհանգեցնի Դոնբասի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։

Զելեսնկու խոսքով՝ Ուկրաինայի հարցում Արևմուտքի միասնականությունը փակուղուց դուրս է բերել Ղրիմի բռնակցումից հետո այս ձևաչափով անցկացվող բանակցությունները։

Տևական դադարից հետո անցած շաբաթ քառյակն առաջին հանդիպումն ունեցավ Փարիզում, իսկ այսօր էր քննարկվում է Բեռլինում նոր հանդիպման ժամկետները։ Դրա ընթացքում, Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ կողմերը կպայմանավորվեն ամենաբարձր մակարդակով գագաթնաժողով անցկացնելու շուրջ, որտեղ և կարող են որոշումներ կայացվել Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Զելենսկին բանակի մասին հրամանագիր է ստորագրել

Հնարավոր դեէսկալացիայի մասին հայտարարության հետ մեկտեղ Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել բանակի մասին, ըստ որի, առաջիկա երեք տարում Ուկրաինայի զինված ուժերի թիվը կավելանա 100 հազարով։ Տարբեր գնահատականներով՝ աճը կարող է հասնել 40-ից 50 տոկոսի, բացի այդ կստեղծվի Ուկրաինայի զինված ուժերի ևս 20 բրիգադ։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, թե ուկրաինական զինված ուժերի հզորացումը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար է։ «Այս հրամանագիրը նրա մասին չէ, որ շուտով պատերազմ է լինելու, այս հրամանագիրը նրա համար է, որ շուտով և հետագայում խաղաղություն լինի․ խաղաղություն Ուկրաինայում», - ասել է Զելենսկին։

Չնայած Ուկրաինայի նախագահի այս հայտարարությանը, ուկրաինական ճգնաժամը դեռ հեռու է հանգուցալուծումից։ Ռուսաստանը հետ չի քաշել իր զորքերը Ուկրաինայի սահմանի մոտից, ավելին՝ հայտարարել է Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների մասին և նոր զորքեր ու սպառազինություն է տեղափոխում Բելառուս։

Այս հաղորդումների ֆոնին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կարգադրել է Բելառուսից տարհանել ամերիկյան ծառայողների ընտանիքների անդամներին՝ իրավապահների անօրինական գործողությունների և կալանավորվելու վտանգի, ինչպես նաև Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի անհանգստացնող կուտակման պատճառով։ Միացյալ Նահանգները նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին՝ զերծ մնալ Բելառուս մեկնելուց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդեպը ամերիկացի ընտանիքներին կարգադրել է հեռանալ նաև Բելառուսից