Մոսկվայի և Կիևի հակամարտությունն օրըստօրե սրվում է։ Լավատես վերլուծաբանները ենթադրում են, որ ռուսական կողմը պարզապես ցանկանում է քաղաքական և հոգեբանական ճնշում բանեցնել Ուկրաինայի և Արևմուտքի վրա, հոռետեսները չեն բացառում, որ առաջիկա շաբաթներին հնարավոր են արյունալի բախումներ, որոնք կվերաճեն երկու երբեմնի եղբայրական երկրների միջև լայնածավալ պատերազմի:
Ռազմական խնդիրներ վերլուծող Jane's Information Group վերլուծական, տեղեկատվական կենտրոնի հետախուզական հարցերով փորձագետները պնդում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմաններին է մոտեցնում բանակի 14 ստորաբաժանումներ, հրասայլներ, հետևակի զրահապատ մեքենաներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, ինյչպես նաև «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռային համակարգեր:
Դրանք ենթադրաբար Վորոնեժի շրջան են բերվել Սվերդլովսկի մարզից, որտեղ տեղակայված է 119-րդ հրթիռային բրիգադը:
Այդ լայնածավալ ռազմական տեղաշարժին մասնակցում են Ռուսաստանի Կենտրոնական զինտարածքի զորամիավորումները:
Ոչ միայն Կիևը, այլև Արևմուտքն է խիստ մտահոգված: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան կոչ է արել հետ քաշել զինուժն Ուկրաինայի սահմանների մոտ գտնվող շրջաններից:
Ռուսաստանը պնդում է, թե ռազմական ակտիվությունն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում Ուկրաինայի դեմ, և սոսկ պաշտպանական բնույթ է կրում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական անգամ ասել է, թե Ռուսաստանն ունի սեփական տարածքում զորքը ցանկացած ծավալով և եղանակով տեղաշարժեկու իրավունք:
«Նախագահը կանցլերին անհրաժեշտ պարզաբանումներ է տվել: Առաջին՝ մենք ազատ ենք Ռուսաստանի տարածքում մեր հայեցողությամբ զորք տեղաշարժելու հարցում: Երկրորդ՝ Ուկրաինան նորից, դժբախտաբար, վերածվում է տեսականորեն շատ անկայուն շրջանի: Ցանկացած երկիր, որն ունի անկայուն պայթյունավտանգ շրջան իր սահմանի մոտ, անպայման ձեռնարկում է անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ միջոցներ», - ասել է Պեսկովը:
Երեկ այցելելով Դոնբաս և հանդիպելով այնտեղ ռուսամետ անջատականների հետ շփման գծում գտնվող ուկրաինացի զինծառայողներին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ վիճակի սրացումը փաստ է․ - «Էսկալացիա է Դոնբասում, դա ակնհայտ է, զինծառայողներն են տեսնում, հրամանատարները, ես՝ որպես գերագույն գլխավորտ հրամանատար, դա եմ տեսնում, մեր տղաները դիպուկահարների թիրախում են»։
Jane's-ի վերլուծաբանների փոխանցմամբ, աշխարհն այսօր տեսնում է ռուսական զինուժի նախապես չհայտարարված ամենալայնածավալ տեղաշարժը 2015 թվականից ի վեր:
Ըստ Jane's-ի, Վորոնեժից հարավ ռուսները ստեղծել են պոլիգոն, որտեղ կա հատուկ կապի կենտրոն և դաշտային հոսպիտալ:
Հարևան Կրասնոդարի երկրամասում և գրավված Ղրիմում նույնպես նկատելի է զորամիավորումների աճ: Այստեղ տեղաշարժին մասնակցում են Ռուսաստանի Հարավային զինտարածքի ստորաբաժանումները:
Երեկ ռուսների ագրեսիվ կեցվածքին է անդրադարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսնակ Ջեն Սաքին․ - «Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Ուկրաինայի արևելքում ռուսների ագրեսիվ գործողությունների, այդ թվում զորքն Ուկրաինայի սահմաններին մոտեցնելու կապակցությամբ: Վերջին օրերին հինգ ուկրաինացի զինծառայող է զոհվել: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինային»։
Բայց ռուսական կողմը շարումնակում է հանդես գալ ուկրաինացիների հասցեին կոշտ, երբեմն նույնիսկ հեգնական հայտարարություններով և սպառնալիքներով:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն այս շաբաթ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետների հետ հանդիպման ընթացքում հիշեցրել է Բոնսիայի պատերազմում 1995 թվականին Սրեբրենիցայի բնակիչների ցեղասպանության հանգամանքը և զուգահեռներ անցկացրել:
«Ուկրաինայի ղեկավարները նման են լուցկիով խաղացող երեխաների: Չգիտես էդ խաղն ինչի կհասցնի, եթե Ուկրաինայում մեծ հրդեհ բռնկվի և սկսվի խաղաղ բնակիչների կոտորած, եթե այնտեղ, ինչպես մեր նախագահն է նշել՝ կրկնվի Սրեբրենիցան, Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել և պաշտպանել այնտեղ ապրող Ռուսաստանի քաղաքացիներին»,- ասել է Կոզակը:
Անցած տարիների ընթացքում Դոնբասում ապրող հարյուր հազարավոր ռուսամետ բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել: