Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանը պնդել է, թե դրա համար դեռևս հնարավորություններ կան՝ 1,5 ժամանոց հարցազրույցում չհստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում պատերազմից հետո Արցախի անկախությանը հասնելու ուղիները։

«Հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և՛ գործող իշխանություններին, և՛ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ», - ասաց Սարգսյանը:

Սարգսյանը չի մանրամասնել նաև, թե ինչպես է պատկերացնում բանակցային գործընթացի վերականգնումը։ Միայն հայտարարել է, թե դրա հնարավորությունը կա ու պետք է պահանջել, որ գործող իշխանությանն այդ ճանապարհով գնա:

«​Մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ, որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է», - ընդգծել է երրորդ նախագահը:

Մինչդեռ հարցազրույցի մեկ այլ հատվածում Սարգսյանը համոզմունք հայտնեց, թե Փաշինյանի վարչակազմը ունակ չէ դրան։

Հայկ Մամիջանյան, արխիվ

Երրորդ նախագահը հարցազրույցով մեկ անգամ ևս հաստատեց, որ Փաշինյանի իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցություններ վարել, հայտարարում է երրորդ նախագահի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Իսկ արդյոք Սերժ Սարգսյանը հենց Հանրապետականի՞ն է տեսնում այս իշխանության փոխարեն։

«Ես կարծում եմ, որ շատ հեշտ կարելի է համադրել նախագահ Սարգսյանի մի քանի ելույթները, որտեղ առանց ակնարկների և ուղիղ տեքստով ասվում է, որ նախագահ Սարգսյանն այլևս չի հավակնում բարձրաստիճան պետական պաշտոնների և իր ծառայությունը երկրին մատուցել է: Բայց քանի որ Ղարաբաղը նախագահ Սարգսյանի կյանքի գործն է, ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծումը նույնպես, նախագահ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ազատվի Նիկոլ Փաշինյան խարանից», - արձագանքեց Մամիջանյանը:

Հանրապետականի թիվ մեկ նպատակը այս իշխանությունների հեռացումն է, որի համար պատրաստ են գործակցել բոլոր իրապես ընդդիմադիր քաղական ուժերի հետ, այս պահին էլ ընթանում են աշխատանքային քննարկումներ, Մամիջանյանը, սակայն, չնշեց՝ կոնկրետ որ ուժերի։

«Մենք ակնկալում ենք 0 քաղաքական ամբիցիա տրամաբանությամբ համատեղ պայքար: Մեր առաջնային նպատակը այս խունտայի հեռացումն է, այլ ոչ թե մեր՝ իշխանության հասնելը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

2018-ի հեղափոխությամբ պաշտոնից հեռացված Սարգսյանը մեծ մասամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին ու իր տասնամյա ղեկավարման օրոք եղած բանակցություններին։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին անգամ ոչմիթիզականության մեջ մեղադրեց, հայտարարեց, թե վարչապետի վերջին մեկուկես ամսվա հայտարարություններն ու ելույթները լի էին անճշտություններով ու կեղծիքներով։

Անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե Ղարաբաղն իր իշխանության օրորք՝ 2016-ին կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները, Սարգսյանը պնդեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի վրա որևէ ճնշում չի եղել, համանախագահները, այո, նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք, սակայն, ըստ պաշտոնաթող նախագահի, չեն խախտել հայկական կողմի կարմիր գծերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկում Փաշինյանին՝ ղարաբաղյան խնդրի մասին նրա խոսքերի պատճառով

«Այդ կարմիր գծերը, նորից հիշեցնեմ, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն էր, երկրորդ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի առկայությունն էր, երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ճանաչումն էր միջազգային հանրության կողմից` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ», - ասաց նա:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում էլ երրորդ նախագահն ասում է՝ համանախագահներն առաջարկում էին, որ Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա, թե ինչ կարգավիճակի մասին էին առաջարկում համանախագահները, Սարգսյանը չհստակեցրեց, միայն հայկական կողմի ենթադրությունները հրապարակեց։

«Առաջարկածը շատ հստակ է` ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն, կներեք, ես չեմ ասում չի կարող լինել, այդպիսի բան իրենք չեն ասել, բայց դա ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, թե որոշումն ինչպիսին պետք է լիներ», - ներկայացրեց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի մեղադրանքներին, իշխող ուժից այսօր հրաժարվեցին արձագանքել. ասելով՝ նպատակահարմար չեն գտնում այս պահին։​