Մատչելիության հղումներ

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դեռևս կան հնարավորություններ․ Սերժ Սարգսյան


Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով՝ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ։

Երրորդ նախագահն իր այս հայտարարությունը համարեց նաև մեսիջ համանախագահներին՝ ընդգծելով՝ նույնիսկ կործանարար պատերազմից հետո համանախագահները էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին։

Դիտարկմանը, թե համանախագահները շատ վաղուց չեն խոսել, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ - «Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց՝ դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին», - ասաց երրորդ նախագահը:

Մինչ հայկական կողմը պնդում է հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ կարևորությունը, Ալիևը «թոշակի է ուղարկում» Մինսկի խմբին՝ հայտարարելով, թե հակամարտությունն այլևս լուծված է․ Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, թե Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հացով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք», - ասել է Ալիևը։ Մոսկվան էլ հայտնեց, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։

«Խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»

Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել ընդհուպ հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ։

Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ առանձնապես այդպես մեծ ցանկություն էլ չունեին ժամկետի հարցում պայմանավորվելու՝ նկատելով՝ Ադրբեջանը կարող էր նույնիսկ չհամաձայնվել երբևէ հանրաքվեի:

«Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է։ Փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետև ասել, որ մնացած պայմաններով… Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը», - ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ալիևն Ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, դա համարում էր, որ իրեն պարտադրում են, որպեսզի ճանաչի անկախությունը»:

Երրորդ նախագահի խոսքով՝ ադրբեջանցիներն ընտրություն ունեին` կա՛մ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կա՛մ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ։

«Եվ եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին, Լաչինն ու Քելբաջարն էլ, տեսնում էիք, ուրիշ տեղից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, և այն հինգ շրջանից ևս կտեղափոխվեին այդտեղ ու կապրեին մինչև այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել: Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը կլինեին, և կլիներ միջազգային հանրության հավանությունը: Այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար», - նշեց Սերժ Սարգսյանը:

«Ունեմ համանախագահների բոլոր առաջարկությունները»

Խոսելով բանակցությունների կոնֆիդենցիալությունը պահպանելուց՝ երրորդ նախագահը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց հրապարակելը կոռեկտ չի համարում։

«Ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել: Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր», - ասաց Սերժ Սարգսյանը:


XS
SM
MD
LG