ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որի սահմանների մոտ, արևմտյան հետախուզության տվյալներով, Ռուսաստանը կենտրոնացրել է ավելի քան 100 հազար զինվորականներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն, ելույթ ունենալով հանդիպմանը, նշել է, որ միջազգային կազմակերպությունը ողջունում է երկխոսության ջանքերը և կոչ է անում զերծ մնալ սադրանքներից ու շարունակել ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմա-Գրինֆիլդը, իր հերթին, հայտարարել է, թե Վաշինգտոնն ունի տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի քան 30 հազար զինծառայողներ տեղակայել Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, փետրվարի սկզբին, հավելելով՝ Բելառուսում արդեն իսկ գտնվում են 5 հազար ռուս զինվորներ, ինչպես նաև «կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, հատուկ նշանակության և հակաօդային պաշտպանության ուժեր»։ Ամերիկացի դիվանագետի գնահատականով՝ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի մոտ «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում զորքերի ամենամեծ մոբիլիզացիան է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն»Արևմտյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններից և մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա։
Ռուսաստանն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ներխուժման ծրագրեր չունի, սակայն զորքերն Ուկրաինայի սահմանից հետ չի քաշում, ավելին՝ հայտարարելով, թե զորավարժություններ է սկսում Բելառուսի հետ, այդ երկրի տարածք Ուկրաինայի հետ սահմանի մոտ նոր ուժեր և սպառազինություն է տեղափոխում։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են ռուսական ագրեսիայի դեպքում Ուկրաինային օգնելու պատրաստակամության մասին, սակայն խոսքը ոչ թե այդ երկրում ռազմական ուժեր տեղակայելու, այլ սպառազինության և ֆինանսական օգնության մասին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նաև ռազմական կործանիչներ է տեղափոխում ԲելառուսՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, թե ռուսական կողմը դեմ է նման քննարկման, սակայն Անվտանգության խորհրդի 15 անդամներից 10-ը Ուկրաինայի շուրջ քննարկմանը կողմ էին քվեարկել, և այն կայացել է, որևէ հռչակագրի ընդունում նախատեսված չէր․ Ռուսաստանը որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ վետոյի իրավունք ունի և, ամենայն հավանականությամբ, կարգելափակեր իր գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը։