Այսօր լրանում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը

Այսօր վերջին օրն է, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է մեկ շաբաթ առաջ խորհրդարանին ներկայացրած հրաժարականի դիմումը հետ վերցնել։

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց՝ մինչ այս պահը նախագահը դիմումը հետ չի վերցրել: Խորհրդարանում կսպասեն օրվա ավարտին, որից հետո նոր միայն կկազմվի համապատասխան արձանագրություն։

«Հնարավոր է, որ Արմեն Սարգսյանը դիմումի հետկանչման վերաբերյալ տեղեկացրել է, օրինակ, փոստի միջոցով, և այդպես ենք ծանուցվելու, դրա համար կսպասենք մինչև օրվա ավարտը։ Վաղվանից արդեն, առավոտվանից կարծում եմ, կկազմվի համապատասխան արձանագրություն, դիմումի հետվերցման բացակայության պարագայում իհարկե, որից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակավորապես կփոխարինի հանրապետության նախագահին», - «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանը։

Սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Այդ ընթացքում Ալեն Սիմոյանի փոխարեն ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Առավել ձայներ ստացած Ազգային ժողովի նախագահի տեղակալը Հակոբ Արշակյանն է։ Ալեն Սիմոնյանը թերևս կտեղափոխվի նախագահական», - ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակը։

Վահագն Խաչատուրյան, արխիվ

Պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունն ու Հանրային Հեռուստաընկերությունն արդեն գրել են, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։

Իշխող կուսակցության վարչության անդամները չեն շտապում հաստատել տեղեկությունը, հորդորում են սպասել պաշտոնական հաղորդագրության։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ընտրվելուց գրեթե չորս տարի անց՝ տարածած հայտարարությամբ շեշտելով, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ․ վարչապետ