Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է անընդունելի․ Միրզոյան

Պաշտոնական Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ի՞նչ պահով են անընդունելի իրենց համար, հավանաբար նկատի ունեք. մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները։ Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և Ձեր հնչեցված հարցում, ըստ էության, պատասխանը կա, հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և ըստ այդմ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել», - նշեց նախարարը։

Հայկական կողմի առաջարկների մասին հունվարի 14-ին տեղեկացրեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Ավելի ուշ ԱԺ-ում Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են

Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանից արձագանքեցին, թե դրանք նախապայմաններ չեն, Հայաստանը խոսում է պայմանավորվածությունների իրագործման մասին։

Ստեղծված իրավիճակը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փակուղային չի համարում, բայցև շատ հարցերի պատասխանել չի կարող։

Երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում. փոխվարչապետ

Ինչ վերաբերում է հետպատերազմական բանակցությունների մյուս օրակարգային հարցին՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապա փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի և չհամաձայնեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Հիշեցրեց՝ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։

«Ամենաբարձր մակարդակով ես կարծում եմ, որ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով, և դա, ես կարծում եմ, շատ պոզիտիվ առաջընթաց է։ Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, փորձագիտական աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է՝ իմ կարծիքով, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են և շատ կոնկրետ նպատակ են հետապնդում, դա երկաթգծի կառուցումն է այն հատվածների, որոնք ՀՀ-ինն են», - նկատեց նա։

Անթալիայի ֆորումին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը նախագահի հրաժարականի մասին տեղեկացել է հրապարակվելուց ժամեր առաջ

Արտգործանխարարը պնդեց՝ այս պահի դրությամբ Անթալիայի ֆորումին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա։ Մարտի 11-13-ը կայանալիք ֆորումին Հայաստանին հրավիրելու մասին անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Շաբաթասկզբի առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Թուրքիայի հրավերը։

Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը. «Իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չէ անցնել, մյուս կողմից՝ մենք առաջին և վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, մոլորակի վրա, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հակամարտություն։ Ես կրկնում եմ այն, ինչ գրված է Կառավարության ծրագրում, և ինչի ուղղությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում»։


Արդեն երկրորդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիչները, դիվանագետները քննարկում են տարածաշրջանային հարցեր: Թուրքիայի արտգործանախարարության վերջին տվյալներով՝ արդեն 45 երկրի արտգործնախարար և 30 միջազգային կառույցի ներկայացուցիչ հաստատել է իր մասնակցությունը: