Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի առաջնորդի` Վլադիմիր Պուտինի դեմ անձնապես պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը շարունակում է աջակցություն ցուցաբերել Կիևին անվտանգության ոլորտումԼրագրողի հարցին՝ «դուք ինքներդ երբևէ պատժամիջոցներ կսահմանե՞ք նրա նկատմամբ», Բայդենը դրական պատասխան է տվել։ Ավելին՝ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ կարող է արագացնել 8,5 հազար ամերիկացի զինվորների գործուղումը Եվրոպայի արևելյան երկրներ, միաժամանակ կրկին ընդգծել, որ այդ ուժերը տեղակայվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և Ուկրաինայի նկատմամբ հնարավոր ագրեսիային չեն մասնակցելու:
«Այդ ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել, և ես հստակ փոխանցեցի նախագահ Պուտինին, որ մենք սուրբ պարտականություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների առջև: ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չպետք է կասկածի, որ մենք` դաշինքով պատրաստ ենք ցանկացած անդամի պաշտպանության», - հայտարարել է ԱԱՆ նախագահը:
Մոսկվայում կոշտ են արձագանքում Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին
Մոսկվայում ամենից կոշտը արձագանքում են անձամբ Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին: Թեև Ռուսաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր գործարարները պարբերաբար հայտնվել են արևմտյան երկրների սև ցուցակներում, սակայն անձամբ նախագահը ցանկում չի եղել:
Մինչ օրս Վաշինգտոնը նման քայլի է դիմել բռնապետական կոշտ կառավարմամբ հայտնի առաջնորդների` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և լիբիայի նախկին նախագահ՝ Մուամար Քադաֆիի դեպքում: Արձագանքելով այս շարքում նաև Վլադիմիր Պուտինին դասելու հնարավորությանը` նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է` դա կլինի քաղաքականապես ապակառուցողական քայլ, բայց` ոչ ցավոտ:
«Ամերիկացի գործիչները, որոնք խոսում են Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին բավարար փորձագիտական գիտելիքներ չունեն այս հարցի վերաբերյալ», - ասել է Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Վաշինգտոնը դրական են գնահատել այսօրվա բանակցություններըԱվելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե մինչև այս շաբաթվա վերջ Վաշինգտոնից գրավոր պատասխան է սպասում անվտանգության երաշխիքների շուրջ` իր առաջ քաշած պահանջներին: Դրանց թվում Մոսկվան պահանջում է Նահանգներից երաշխավորել, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Այսօր Պետդումայում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր նախազգուշացում է տվել Վաշինգտոնին. «Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան, ինչպես ասել է նախագահ Պուտինը, կդիմի պատասխան քայլերի»:
Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը Լավրովը չի հստակեցրել:
Ըստ վերլուծաբանների, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինից հետո
Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայի շուրջ, ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ամերիկյան անվտանգության կենտրոնի մասնագետ Անդրեա Քենդալ- Թեյլորն ասում է` նման ճգնաժամ վերջին տասնամյակներում հաստատ չի եղել․ «Դատելով սահմանին տեղակայված զորքի ու ռազմական տեխնիկայի քանակից, կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմը պատրաստվում է բավական լայնածավալ ներխուժման սցենարի, երբ նրանք հնարավոր է` կարողանան շրջապատել Կիևը և գրավել Արևելյան Ուկրաինայի կեսը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում պատժամիջոցները կհասնեն 10 բալլի․ Բրայան ՈւիթմորՎերլուծաբանի կարծիքով՝ Պուտինը ուզում է ուժեղացնել ռուսական ազդեցությունը Արևելյան Եվրոպայում, ինչպես սառը պատերազմի տարիներին էր, և խմբագրել եվրոպական անվտանգության կանոնները` նվազեցնելով Միացյալ Նահանգների ազդեցությունը Արևելյան Եվրոպայում: Այսօր այս նպատակի թիրախում Ուկրաինան է, վաղը կարող է մեկ այլ երկիր լինել, բայց Պուտինի նպատակները շատ ավելի հեռահար են, պնդում է Քենդալ-Թեյլորը։
Արևմտյան երկրները անցած նոյեմբերից` Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակումից հետո նախազգուշացնում են, որ հարևան երկրի դեմ նոր ռազմական ագրեսիայի դեպքում Պուտինի վարչակազմը ստիպված կլինի շատ ծանր գին վճարել: Դրանք կլինեն մինչ օրս Ռուսաստանի դեմ սահմանված ամենածանր պատժամիջոցները, մի քանի անգամ զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը: