Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ պետք է կիրառվի։ Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունում՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ առցանց հանդիպման արդյունքներով։
Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ Ուկրաինայի հարցի լուծման շուրջ Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթությունը ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։
«Առաջնորդներն ընդգծեցին, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են առաջնահերթություն, և ողջունեցին բանակցությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև», - ասված է հաղորդագրությունում։