ԱԱԾ-ն ստուգման առարկա կդարձնի Արմեն Սարգսյանին առնչվող «Հետք»-ի հրապարակման մեջ նշված հանգամանքները

Արմեն Սարգսյանի երկքաղաքացի լինելու հարցը նոր չէ, որ քննարկվում է։ Այն շրջանառվեց դեռ ՀՀԿ-ական իշխանության կողմից նրա առաջադրման ժամանակ։

Մինչև 2018-ին Հայաստանի նախագահ դառնալը Արմեն Սարգսյանի՝ նաև այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին «Հետք» պարբերականի հրապարակումը դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ուղարկվել է ԱԱԾ «Հետք»-ի այս հրապարակումը նշված քրեական գործի շրջանակներում՝ դրանում նշված հանգամանքները ստուգման առարկա դարձնելու նպատակով», - ասաց Աբրահամյանը։

Նախագահի երկքաղաքացի լինելու հարցը նոր չէ, որ քննարկվում է։ Այս անգամ սակայն «Հետք»-ի հրապարակումը ոչ թե Մեծ Բրիտանիայի, այլ մինչև նախագահ դառնալը Սարգսյանի Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային գոտի համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու մասին է։

Չորս տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանի աշխատակազմից, մեկ օր անց արձագանքելով «Հետք»-ի հրապարակմանը, ո'չ հերքում, ո'չ հաստատում են այն, միայն՝ հայտարարում է, թե «նման հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով»:

«Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում», - ասված է աշխատակազմի տարածած հայտարարությունում։

Իսկ հրաժարականի տեքստում Սարգսյանը որոշումը պատճաբանել էր Սահմանադրությամբ նախագահի սահմանափակ լիազորություններով և արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդել չկարողանալու հանգամանքով, ինչպես նաև խոսել էր տարբեր քաղաքական խմբավորումների կողմից իր և իր ընտանիքի թիրախավորման, դավադրական զանազան տեսությունների մասին։ Թե կոնկրետ ինչ նկատի ուներ այս դեպքում, չէր մանրամասնել։

Հարցին երեկվա առցանց ասուլիսում անդրադարձավ նաև վարչապետը Փաշինյանը, բայց ըստ էության շրջանցեց թեման՝ ասելով, թե հոդվածին դեռ մանրամասն ծանոթ չէ. - «Համենայն դեպս իմ քննարկելու մանրամասները չեն դրանք։ Որովհետև եթե էդտեղ կա որևէ փաստ, որին Հայաստանի պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ, էդ մարմինները պիտի զբաղվեն դրանով»։

68-ամյա Սարգսյանի երկքաղաքացիության թեման շրջանառվեց 2018-ին Հանրապետական իշխանության կողմից դեռ նրա առաջադրման ժամանակ։ Այս հարցն ըստ էության փակված համարվեց, երբ 2018 թվականի ապրիլի 27 -ին այդ ժամանակ դեռ ժողովրդական ցուցերը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը նրա հետ ունեցած հանդիպումից հետո գրառում կատարեց, թե Սարգսյանն իրեն է ներկայացրել փաստաթղթեր այն մասին, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին։

Արմեն Սարգսյանին 2018 թվականին վերջին վեց տարում Հայաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանք տվել է Հայաստանի անձնագրային ծառայությունը։ Այդ ժամանակ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Մնացական Բիչախչյանը պնդում է, որ այստեղ ծառայության պատասխանատվության խնդիր լինել չի կարող։ Տեղեկանքը տրվում է հիմք ընդունելով բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվական բազան, որը թարմացվում քաղաքացիների դիմումների հիման վրա, երբ վերջիններս այլ երկրում ևս քաղաքացիություն են ստանում։ Եթե անձը հավակնում է պաշտոնի, որի դեպքում է պարտադիր է ինչ-որ ժամանակահատվածում միայն ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը և անձնագարային չի ներկայացրել տվյալներ այն մասին, որ այդ ժամանակահատվածում եղել է նաև այլ երկրի քաղաքացի, ապա այդ պատասխանտվությունը կրում է հենց այդ անձը։

«Անձնագրային վարչությունը որևիցե գործառութային պարտականություն չունի ստուգելու հարյուրից ավելի պետություններ և պարզելու՝ անձը ունի՞ տվյալ պետության քաղաքացիություն, թե՞ ոչ», - ասաց Բիչախչյանը։

«Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերնագրով հոդվածում «Հետք»-ը նաև հետևութուն է անում, որ Արմեն Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, քիչ հավանական է համարում նման սցենարը։ Այստեղ պետության իրավական անվտանգության խնդիր է տեսնում. - «Դա կառաջացնի խառնաշփոթ։ Ռեգրես հնարավոր չի բոլոր փաստաթղթերը, բազմաթիվ օրենքներ են ուժի մեջ մտել, այդ օրենքները արդեն կիրառվում են։ Դա նշանակում է արդեն այդ օրենքների լեգիտիմության հարցն է բարձրանում, կիրառված բոլոր դատական ակտերը պետք է վերանայվեն, վերաբացվեն գործերը։ Սկզբունքորեն անհնարին է և միտք չունի դա անելը»։

Իսկ գործը, որի շրջանակներում ուսումնասիրվում է «Հետք»-ի այս նոր հրապարակումը, հարուցվել էր դեռ անցած տարի, երբ մարտին մի խումբ փաստաբաններ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին, թե նախագահ ընտրվելուց առաջ Արմեն Սարգսյանն առերևույթ թաքցրել է երկքաղաքացիության փաստը, որի պատճառով չէր կարող ընտրվել։ Ըստ փաստաբանների, Սարգսյանը չի բավարարել առնվազն 6 տարի Հայաստանի քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը: ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստել, բայց հետո մերժել էր քրգործի հարուցումը։ Որոշման դեմ փաստաբանները բողոք էին ներկայացրել Գլխավոր դատախազություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու առնչությամբ հարուցվել է քրգործ, հայտնում է Զոհրաբյանը

Գլխավոր դատախազությունը համարել էր, որ ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերն առերևույթ պարունակել են փաստաթուղթ կեղծելու հատկանիշներ, վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը, քրեական գործ հարուցել ու նախաքննության համար ուղարկել դարձյալ ՀՔԾ։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը։

Առերևույթ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով հարուցված քրեական գործից այսօր թե՛ դատախազությունը, թե՛ ԱԱԾ -ն մանրամասներ չփոխանցեցին՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք այս ամիսների ընթացքում հարցաքննվել է Արմեն Սարգսյանը ու ինչ կարգավիճակով։

Նախագահի աշխատակազմից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ արտերկրում գտնվող Սարգսյանը բուժզննումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան։