Ռուսաստանի ընդդիմության բանտարկված լիդեր, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնին դասվել է ահաբեկիչների և ծայրահեղականների շարքը: Այդ մասին է վկայում «Ռոսֆինմոնիտորինգի» (Ռուսաստանի ֆինասական մոնիտորինգի դաշնային գործակալության) գրանցամատյանում հայտնված պաշտոնական գրառումը:
«Ռոսֆինմոնիտորինգը» պարբերաբար կազմում է ահաբեկչական և ծայրահեղական ակտիվություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ցանկը:
Ռուսաստանյան օրենքների համաձյան, բանկերը սառեցնում են ցանկում ընդգրկվածների հաշվեհամարները և դադարեցնում են սպասարկումը:
Նավալնիից զատ այդ ցանկում են հայտնվել նրա զինակիցներԼյուբով Սոբոլը, իրավաբան Վյաչեսլավ Գիմադին, Գեորգի Ալբուրովը և Ռուսլան Շավեդինովը: Ավելի վաղ այդ ցանկում ներառվել են նաև Նավալնիի գաղափարակիցներ ու թիմակիցներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները:
Վոլկովը, Ժդանովը, Սոբոլը, Ալբուրովը, Շավեդինովը և Նավալնիի մի շարք այլ զինակիցներ այս պահին գտնվում են արտասահմանում:
Ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնին պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանի մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մարդ, որից Պուտինը վախենում է». Time-ը` Նավալնու մասին