Արմեն Սարգսյանի հրաժարականը և պաշտոնավարման չորս տարիները

Սարգսյանը հրաժարականի իր որոշումը համարում է ոչ էմոցիոնալ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի իր որոշումը համարում է ոչ էմոցիոնալ ու նշում է, որ այն բխում որոշակի տրամաբանությունից: Նա հավելում է, որ «մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալուց առաջ երկար է մտածել։ Ապա բացատրում է խնդիրները որոնց բախվել է:

Գրեթե 4 տարի պաշտոնավարելուց հետո Սարգսյանը նշում է, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ:», - գրված է Սարգսյանի հայտարարությունում։

Համապատասխան գործիքների պակասով նախագահը բացատրում նաև իր անկարողությունը ազդելու քաղաքական իրադարձություններին որոնք հասցրել են «ներկայիս համազգային ճգնաժամին»։ Ըստ Սարգսյանի, պատճառը կրկին գործիքների պակասն է, ինչի արմատներն են Սահմանադրությունում են։

Սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը

2018 թվականին նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը նշում է` ուրախ է, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով և հույս ունի, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Սարգսյանը հրաժարականի տեքստում խոսում է նաև «բամբասանքների և դավադրության տեսությունների թիրախ» դառնալու մասին, նշելով, որ գտնվում են մի իրականությունում, որտեղ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: «Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա», - գրել է 68-ամյա Սարգսյանը, սակայն առանց անուններ նշելու։

Դավադրությունների հեղինակներից բացի նա քաղաքական տարբեր խմբերի կողմ ևս ուղղում է մեղադրանքի սլաքներ՝ նշելով, որ «Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»:

Սարգսյանի հանդեպ քննադատությամբ Հայաստանում աչքի են ընկել և՛ նախկին իշխանությունները, որոնք հեղափոխությունից հետո պաշտոնավարող Սարգսյանին անվանում էին ճամբարափոխ, և՛ ներկա իշխանությունն ու ընդդիմությունը։

Իր գործունեության ընթացքում նախկինում նախագահը որպես խնդրի, չի անդրադարձել իր մասին տարածվող բամբասանքներին, սակայն բազմիցս խոսել է Սահմանադրության անկատարության մասին, վերջին անգամ՝ իր ամանորյա ուղերձում։

«Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը», - նշել է նա:

Նախագահը իր պաշտոնը ստանձնեց 2018-ի ապրիլին՝ մինչև թավշյա հեղափոխությունը, դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Առաջին ելույթում նա խոսեց Հայաստանը գրավիչ երկիր դարձնելու ծրագրերի մասին. - «Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր նոր տեխնոլոգիաների, և լուծումների կամուրջ արևելքի և արևմուտքի միջև: Սա է ապագան»:

Հեղափոխության ընթացքում այն ժամանակվա իշխանության և դեռ ընդդիմադիր Փաշինյանի միջև միջնորդի դերով հանդես եկած նախագահը Սերժ Սարգսյանի հեռանալու որոշումը գնահատեց իմաստուն, իսկ ամիսներ անց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին խոսեց թավշյա հեղափոխության գաղափարների մասին։

«Դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու ներ Հայաստան», - ընդգծել է Սարգսյանը:

Վարչապետի հրաժարականի պահանջ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անխուսափելի են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները` ցնցումներից խուսափելու համար, վստահ է նախագահ Սարգսյանը

Արդեն 2020 թվականին պատերազմին հաջորդած ճգնաժամի օրերին նախագահը հանդես եկավ «Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ» վերնագրված ուղերձով, որտեղ նշած որ տասնյակ խորհրդակցություններ է անցկացրել, բոլորը համակարծիք են՝ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը», - նշել է նա:

2021 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը, Սարգսյանը ընդունեց ու զրուցեց Օնիկ Գասպարյանին, ապա չհաստատեց նրան աշխատանքից հեռացնելու վարչապետի միջնորդությունը։ Նոր ընտրություններից հետո 2021 հունիսին Արմեն Սարգսյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ։

Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում նախագահն աչքի ընկավ նաև ակտիվ օտարերկրյա այցելություններով, ընդհանուր առմամբ մեկնելով 53 արտասահմանյան այցելության։ Քովիդի պատճառով նա որևէ այցելություն չի ունեցել 2020 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր՝ 9 ամիս։ Ամենաշատ այցելված երկրներն են Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրություններն են, ապա Շեվեյցարիան և ՄԵծ Բրիտանիան։

Սարգսյանը աշխատանքային այցերով եղել է նաև Կատարում, Հորդանանում, Իսրայելում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլուր, այս շարքում առանձնանում է Սաուդյան Արաբիա կատարած ու պատմական որակված այցը, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Նախքան հրաժարականը, Սարգսյանի վերջին ուղևորությունը կրկին Արաբական Միացյալ էմիրություններ էր։

Կիրակի Հրաժարականից առաջ՝ հունվարի 18-ից նախագահ Սարգսյանը «գտնվում է կարճատև արձակուրդում», նախագահականից տեղեկացանք, որ նպատակը «բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելն է»։ Թե որ երկիր է մեկնել Սարգսյանը, չի նշվում։ Բաղրամյան 26-ից հստակեցրին միայն, որ արտերկրում հետազոտություններ անցնելու պատճառն այն է, որ այնտեղ ծանոթ են նախագահի նախկինում ունեցած ծանր հիվանդության պատմությանը։