Մատչելիության հղումներ

«Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը»․ Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան

«Հանրապետության նախագահը սև կամ սպիտակ չէ», - հայտարարում է Հանրապետության նախագահը։

Նախագահականն այսօր հայտարարություն է տարածել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իր առարկությանը հետևած արձագանքներն անվանում է անթույլատրելի շահարկումներ։

«Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում», - ասած է տարածված հաղորդագրությունում:

Նախագահը նաև վերահաստատում է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ համախմբել քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով․ - «Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ»:

Օրվա առաջին կեսին վարչապետ Փաշինյանն այցելել է նախագահ Սարգսյանին։ Ըստ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության, Արմեն Սարգսյանը վատառողջ է, Փաշինյանը նրան տեսակցելու է գնացել։

«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին», - ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չկան։

Շաբաթ օրը Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ առաջարկն առերևույթ հակասում է Սահմանադրությանը։ Նախագահի առարկությունը հրապարակվեց, որտեղ նա հղում է անում «Պաշտպանության մասին» օրենքին, որով Գլխավոր պետը նշանակվում է հինգ տարով, և վաղաժամկետ պաշտոնանկության կարգ սահմանված չէ։ Նախագահը նաև շեշտել է, որ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի պետի հայտարարությանը միացել են չորս տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորականներ, և Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կարող է հանգեցնել այդ կառույցի բնականոն գործունեության խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական վտանգներով։

Վարչապետը նախագահի այս առարկությանը կարճ արձագանքեց․ պարզապես կրկնեց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու իր առաջարկը՝ ակնկալելով, որ այս անգամ կստորագրվի։

Ըստ Սահմանադրության, այժմ նախագահը այսօրվանից սկսած եռօրյա ժամկետում կա՛մ պետք է ստորագրի Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բոլորիվ հիմնավոր չի համարում նախագահի առարկությունները․ - «Կոպիտ ձևով խախտվել է Սահմանադրության 14-րդ հոդվածը, որը Զինված ուժերի ապաքաղաքականացվածության սկզբունքն է ամրագրում և ամրագրում է շատ ավելի կարևոր մի սկզբունք, ըստ որի Զինված ուժերը քաղաքացիական վերահսկողության ներքո են»։

Ըստ Բադասյանի, Սահմանադրության կոպիտ խախտումը նախագահը ոչ միայն չի կանխում, այլև շարունակում է, այնինչ Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի։ Արդարադատության նախարարը նախագահի որոշման տակ իրավական հիմք չի տեսնում, ենթադրում է, որ կա քաղաքական հիմք․ - «Եթե իրավական ենթատեքստ չկա, եթե իրավական հիմնավորում ուղղակի առերևույթ է բերվում․․․ առաջարկը ոնց որ թե հակասում է։ Ինչի՞ն է հակասում, ինչո՞վ է հակասում, ինչ հիմնավորմամբ է հակասո՞ւմ․․․ ուրեմն, ինձ թվում է, ցանկացած անձ կարող է եզրահանգել, որ իրավական հիմքից զուրկ գործողություն է, ուրեմն ունի այլ ենթատեքստ, այդ թվում՝ քաղաքական»։

Այսօր վարչապետի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Խորհուրդը դատապարտում է զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը, նախագահին առաջարկում ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկած հրամանագրի նախագիծը։

Այս նիստի վերաբերյալ տեսանյութ է տարածվել։ Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել այս խորհրդի անդամ Օնիկ Գասպարյանը։

XS
SM
MD
LG