Խորհրդարանական ընդդիմությանը չի բավարարել Հայաստանի արտաքին գերատեսչության արագ արձագանքը Ադրբեջանի հայտարարությանը, թե սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասում է՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի դեմ ուղղված ռազմատենչ ու վիրավորական հայտարարություններին շաբաթներով արձագանք չի լինում, իսկ այս դեպքում պաշտոնական Երևանը ժամերի ընթացքում հայտարարեց, որ նախապայման չունի և օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը։
«Հայաստանը ուներ մի փոքր կռվանի հնարավորություն, մայիսից՝ հեսա կլինի մի տարի, ադրբեջանական, ըստ որոշ տեղեկությունների, նաև թուրք զինյալները մեր սուվերեն տարածքում են, դրան գումարվեց նոյեմբերի 16-ի իրադարձությունը: Եվ գործընթացը սկսելուց առաջ Հայաստանն ուներ մեկ տարբերակ՝ ասել՝ ապահովեք մեր սուվերեն տարածքների անքակտելիությունը, այլ կերպ ասած՝ մեր հողից դուրս եկեք, նոր կսկսենք այդ գործընթացը: Ի՞նչ է ասում հայկական ԱԳՆ-ն, հայկական ԱԳՆ-ն ասում է՝ չէ, գործընթաց սկսում ենք, բայց եկեք ամեն դեպքում մեր սուվերեն տարածքից դուրս եկեք էլի», - նշեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը գործընթացի մասին իշխանությանը շատ հարցեր ունի։ Ասում է՝ երեկ խորհրդարան - կառավարություն հարցուպատասխանին արտգործնախարարի հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս են, օրինակ, խորհրդային քարտեզներով ու հայելային եղանակով զորքերը հետ քաշելու և միաժամանակ ապահովելու հայկական գյուղերի անվտանգությունը։
«Այն, ինչի մասին երեկ խոսում էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այդպես էլ իմ համար հասկանալի չդարձավ ու կարծում եմ՝ նաև մեր քաղաքացիների», - ընդգծեց Մամիջանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դրանք բխում են նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգից․ Միրզոյանը՝ ՌԴ-ին ներկայացված առաջարկիցԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ սահմանազատման հետ կապված այս հարցերի պատասխանները ԱԳՆ -ի տիրույթում են, բայց երկրորդում է երեկ ԱԺ ամբիոնից Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե գյուղերն անվտանգ են լինելու։ Իշխող պատգամավորի համար, անընդունելի է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այդ հանգամանքի վրա:
«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը իր գործողություններով խաթարում է պրոցեսը, բայց սա չի նշանակում, որ գործընթացները կանգ են առել և չի նշանակում, որ հայկական կողմը չի շարունակելու աշխատել խաղաղության հաստատման և այս սահմանազատման ու սահմանագծման գործընթացի սկսման մեկնարկի համար: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, ռուսական կողմի հետ և նրանց միջոցով թերևս շարունակելու ենք փոխանցել առաջարկությունները», - ասաց Հովհաննիսյանը: