Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի․ Երևանի արձագանքը Բաքվին

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է, այսօր «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով՝ «կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա»:

Վահան Հունանյանի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։

«Պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում», նաև նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ եզրափակելով․ - «Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»։

Երևանի և Բաքվի միջև հեռակա այս բանավեճը սկսվեց, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե հայկական կողմը առաջարկներ է փոխանցել Բաքվին`Մոսկվայի միջոցով: Փաստաթղթի ու առաջարկների մանրամասները կողմերից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել: Երեկ, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ​, անդրադառնալով հարցին, հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար՝ շեշտելով, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։

Մանրամասները տե՛ս այստեղ