Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։
Չնայած պատգամավորների բազմաթիվ փորձերին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փաթեթի վերաբերյալ շատ մանրամասներ չփոխանցեց. - «Բնականաբար, մանրամասները չեմ կարող հրապարակել, և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանը հաստատում է՝ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել դեմարկացիայի գործընթացի վերաբերյալՓաթեթը ներկայացվել է նաև Անվտանգության խորհուրդ։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին մտահոգեց արտգործնախարարի զորքերի հայելային հետքաշման մասին դրույթը։ Մամիջանյանը նկատեց, որ անգամ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր զեկույցով անդրադարձել հարցին ու արձանագրել, որ այդ պարագայում գյուղական բնակավայրերը կմնան անպաշտպան. - «Հետքաշման մասին խոսելիս մենք խոսում ենք մինչև 2020-ի դեկտեմբեր եղած իրավիճակը, 21-ի մայիսի դրությամբ իրավիճակը, 21-ի նոյեմբերի իրավիճակը...»:
«Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնք գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է, որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - արձագանքեց արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք»․ Թաթոյանը՝ հայելային հետքաշման առաջարկի մասինԱյս փաթեթի մասին առաջինը տեղեկացանք ռուս պաշտոնյայից։ Արտգործանախարար Լավրովը հունվարի 14 -ի իր ասուլիսին խոսեց նաև հնարավորինս շուտ այս հարցով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, այսօր Հայաստանի արտաքին գերատեսչությունից փոխանցել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը նոր առաջարկներ է ներկայացրել սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով․ ԼավրովԱրդեն իր թիմակցի հարցին պատասխանելիս Միրզոյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովի ձևավորման ժամկետների մասին ընկալումն այնպիսին է, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։ Նա չմանրամասնեց, թե հայկական կողմից ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովում. - «Մենք հիմա աշխատում ենք էն ուղղությամբ, և մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, մտադրված կամ պատահական երբեմն, այսինքն՝ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»։
Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել. Փաշինյան
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ինքն է կայացրել։
«Ռուբեն Ռուբինյանը վաղը Մոսկվայում կամ միգուցե Փարիզում հանդիպելու է Թուրքիայի նախագահի կողմից հրամանագրով նշանակված հատուկ ներկայացուցչի հետ։ Ինքը՝ ըստ կառավարության, եթե էդպես է ասում, չունենալով որևէ կարգավիճակ, պաշտոնապես հրամանագրման որևէ փաստաթուղթ», - ասել էր Մանուկյանը։
Փաշինյանի արձագանքը. - «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ։ Եվ ես էդպես վարվել եմ, որ հանկարծ, ասենք ենթադրենք, մի հատ թաքնված, գաղտնի կուսակցականի հանկարծ էդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա և զեկուցի, ասենք ենթադրենք, այլ երկրների ազդեցության գործակալներին»։
Հայ-թուրքական երկխոսության գործընթացի մասին պատգամավորները մի շարք այլ հարց ու մտահոգություններ ևս ունեին, շեշտադրումները առավելապես վերաբերում էին գործընթացի ոչ թափանցիկ լինելուն։
Հիշեցնենք, հայ հանրությունը Թուրքիայի արտգործնախարարությունից էր տեղեկացել հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին։ Այսօր Միրզոյանը ԱԺ ամբիոնից մանրամասնեց, թե Թուրքիայի արտգործանախարարի հետ ծանոթությունն ու պայմանավորվածությունը ինչպես է ձեռք բերվել. - «Եթե բառացի, կամ նույնիսկ կասեի եթե տառացի վերարտադրել իմ և պարոն Չավուշօղլուի հանդիպումը, մենք հանդիպել ենք ոչ թե այնպես, ինչպես ընդունված է... պաշտոնական հանդիպման մասին չի խոսքը։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պիտի տեղի ունենար պաշտոնական նիստը, այդ երկու սրահները կապող միջանցքում կողք-կողքի ենք քայլել։ Եվ մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես՝ բարև ձեզ - բարև ձեզ, ուրախ եմ ծանոթանալ - ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը - մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց որ գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը։ Կարծում եմ, սա լավ խոսակցություն է»։
Քերոբյանին Փաշինյանն է արգելել հրաժարական տալ
Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարարին հիշեցրեց իր նախկին հայտարարությունը այն մասին, որ տնտեսական աճ չապահովելու դեպքում ինքը հրաժարական կտա։ Այսօր ավելի վաղ այս նույն հիշեցմանը նախարարը արձագանքել էր, թե կատակել է։ Իսկ Մանուկյանը հարցուպատասխանին եկել էր մեկ այլ ձայնագրությամբ, որտեղ Քերոբյանը բավականին լուրջ էր խոսում։
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»։
Նաև գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարց հնչեց։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացավ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանա, այլ խոստումներ չհնչեցին։