Միջազգային ճգնաժամային խումբը օրերս հրապարակած ծավալուն հոդվածում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական ու տնտեսական օգուտների մասին, անդրադարձել նաև ռիսկերին:
«Հայաստանն ու Թուրքիան տնտեսական լուրջ դրդապատճառներ ունեն երկկողմ առևտուր սկսելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։ Բաց սահմանները թույլ կտան, որ թուրքական ապրանքները՝ օրինակ շինանյութը, մրցի ավելի թանկ ռուսական արտադրանքի հետ: Մյուս կողմից, հայկական արտադրանքն ու գյումթերքը կմտնեն թուրքական շուկա: Փոխադարձ առևտրից կշահեն Թուրքիայի արևելյան շրջանները: Հայաստանն էլ ելք կունենա դեպի սևծովյան նավահանգիստներ՝ ստանալով ավելի կարճ առևտրային երթուղի», - փաստում է Միջազգային ճգնաժամային խումբը:
Բացի այդ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների և առևտրային կապերի ընդլայնման շնորհիվ, ինչից կշահի թուրքական տնտեսությունը, որը խոշորագույնն է այս տարածաշրջանում: Հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետին՝ հոդվածի հեղինակները գրում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան հույս ունի նվազագույնի հասցնել լարվածության հավանականությունը Կովկասում: Այսպիսով, Անկարան Երևանի հետ լավ հարաբերությունների հաստատումը ոչ թե ինքնանպատակ է համարում, այլ տարածաշրջանի վերափոխման լայնամասշտաբ ծրագրի մի մաս, որտեղ գերիշխող դիրք ունի։
Միջազգային ճգնաժամային խումբը կարևորում է Ադրբեջանի դրական դիրքորոշումը այս գործընթացում, որը կտրականապես փոխվեց պատերազմում հաղթանակից հետո: Հոդվածում մեջբերվում է ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նույնիսկ օգնել հարթելու հայ-ադրբեջանական հետպատերազմյան հակասությունները՝ ցույց տալով փոխշահավետ համագործակցության առավելությունը ռազմական կուրսի համեմատ:
Հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը սատարում են Մոսկվայում, Վաշինգտոնում ու եվրոպական մայրաքաղաքներում, քանի որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի ընդլայնումը կայունություն կբերի տարածաշրջանին:
Անդրադառնալով հայ-թուրքական նոր երկխոսությանը՝ հոդվածի հեղինակները նկատում են. կողմերն ու նրանց արտաքին գործընկերները պետք է գիտակցեն, որ ինչքան երկար ընթանա գործընթացը առանց դրական տեղաշարժի, այնքան մեծ է ձախողման հավանականությունը: Դրական ազդակները գնալով կարող են մարել կամ յուրացվել արտաքին դերակատարների կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»Անցած շաբաթ Մոսկվայում կայացած Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպման օրակարգի մասին էլ Ճգնաժամային խումբը գրում է, թե կողմերն պետք է ճանապարհային քարտեզ մշակեն հետագա երկխոսության համար: Խմբի փորձագետների համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձը դրական արդյունքի հասնելու թերևս ամենաիրական հնարավորությունն է, և հույս կա, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն ու կբացվեն տասնամյակներով փակ սահմանները:
Բաց սահմանների առավելությունների մասին է գրում նաև Ամերիկյան The National Interest հանդեսը. - «Միայն կարգավորելով հարաբերությունները հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հայաստանը այլևս կախում չի ունենա Ռուսաստանից և կօգտագործվի տարածաշրջանի տնտեսական ներուժը: Եթե դա իրականություն դառնա, Հայաստանը կարող է դառնալ Արևելյան Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ամենաարագ երթուղին: Համագործակցությունը Հարավային Կովկասում կնպաստի բարգավաճմանը և տարածաշրջանը ոտքի կկանգնի»:
Ուրբաթ օրը Մոսկվայում մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հեռահար նպատակն է բացել շուրջ 30 տարի փակ մնացած սահմանը, համենայնդեպս բանակցություններից առաջ այս մասին էր հայտարարել պաշտոնական Երևանը:
Շուրջ մեկ ու կես ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել՝ դրական և կառուցողական որակելով բանագնացների առաջին հանդիպումը: Հատուկ ներկայացուցիչները իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: