Մատչելիության հղումներ

Միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, և սրա մասին տեղյակ են բոլորը. ԱԽ քարտուղար


Բոլորը հստակ գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է», - նշեց ԱԽ քարտուղարը` անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որի գործընթացում առաջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում:

Պաշտոնական Երևանը և Անկարան կառուցողական են որակում իրենց հատուկ բանագնացների միջև կայացած առաջին հանդիպումը։

Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ Հայաստանը խնդրեց հենց Մոսկվայից սկսել բանակցությունների մեկնարկը, և արդյոք բոլոր հանդիպումները Ռուսաստանում են լինելու, մասնակցելու է արդյոք Մոսկվան այդ բանակցություններին, ընդհանրապես Հայաստանը ինքնուրույն վարելո՞ւ է բանակցություններ անմիջական Թուրքիայի հետ:

Արմեն Գրիգորյան. - Ընդհանուր առմամբ նաև կարող եմ ասել, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն է եղել, այսինքն` համաձայնությունը, որ տեղի ունենա Մոսկվայում, ընդհանուր առմամբ երեք կողմն էլ համաձայնություն է տվել: Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք: Եվ կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման եթե դրական դինամիկա լինի, ապա շփումներն էլ ավելի կշատանան, և մենք կկարողանանք գտնել այն ճանապարհը և այն ձևը` հարաբերությունները կարգավորելու համար:

«Ազատություն». - Երկու կողմից էլ հայտարարություններ են հնչել, թե բանակցություններում նախապայմաններ չեն լինի, թեև Թուրքիան, ասելով, թե նախապայման չի առաջադրելու, ավելացնում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ: Բացի այդ, մենք լսում ենք նաև կողքից` մեր ընդդիմադիրնների կողմից, օրինակ` ՀՅԴ-ն համոզված է, որ Թուրքիան բոլոր նախապայմանները պահպանել է, այն նախապայմանները, որոնք դրված են եղել ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակներից, այսինքն` հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից, նաև ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա էլ ասում են, որ ավելացրել է ևս մեկ նախապայման, դա «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Ի՞նչ կարող եք ասել և՛ այս քննադատությունների, և՛ Թուրքիայի այդ հայտարարությունների մասին:

Արմեն Գրիգորյան. - Բազմիցս խոսել ենք, որ միջանցքային տրամաբանության մեջ Հայաստանը որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, և սրա մասին տեղյակ են բոլորը` տեղյակ է և՛ Ադրբեջանը, և՛ բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են Հայաստանի հետ: Մենք այս հարցը, կարելի է ասել, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, և հստակ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, և այստեղ նախապայմաններ, ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է:

Մեր մոտեցումն այն է, որ պետք է հարաբերություններ սկսել, միմյանց մոտեցումները հասկանալ, որովհետև տեսեք` շատ հաճախ են մեր ընդդիմադիրները կամ այլ քաղաքական գործիչներ հայտարարում, որ Թուրքիան ինչ-որ բան է հայտարարել: Որպեսզի այդ հայտարարությունների ավելի խորքային կոնտեքստը հասկանանք, մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է սեղանի շուրջ նստենք Թուրքիայի հետ և հասկանանք, թե նրանք ինչ մոտեցումներ ունեն, քննարկենք, նաև մեր մոտեցումները ներկայացնենք և փորձենք հարաբերությունները կարգավորել: Մենք կարծում ենք, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել, և եթե մենք օգտագործենք ստեղծված այս պատուհանը, ապա երկարաժամկետ հնարավոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG