Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր, խոսելով Մոսկվայում Թուրքիայի ներկայացուցչի հետ իր հանդիպումից, պնդեց, որ սա միակ դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը և առաջին իսկ կետը հրապարակային է։
Ռուբինյանին դուր չեկան նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքները, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացները տեղի են ունենում գաղտնի։
«Երբ որ ասում եք՝ «ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից», չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը, այս համատեքստում Արտգործնախարարությունը չի տեղեկացրել: Որ դուք ասում եք՝ «տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ», ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք: Այս գործընթացը վերջին տարիներին, համենայնդեպս այն տարիներին, որոնց ես հետևել եմ, միակ դեպք է, երբ որ սկսվում է գործընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է», - նշեց Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»Նկատենք, սակայն, հայ հանրությունը Թուրքիայի արտգործնախարարությունից էր տեղեկացել հատուկ ներկայացուցիչների նշանակման գործընթացի մասին, որից հետո նոր միայն Արտգործնախարարության խոսնակը լրագրողների հարցի ի պատասխան հաստատել էր տեղեկությունը։ Ընդդիմադիրները, մի քանի այլ հանգամանքներ ևս մատնանշելով, պնդում էին, գործընթացում մութ դրվագներ կան։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ մի փաստաթուղթ չկա, որով Ռուբինյանը նշանակվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։
«Ամբողջ այս գործընթացում թուրքերը եղել են թելադրողը. Չավոշօղլուն ասում է՝ էս, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է՝ սա, մերոնք արձագանքում են, բայց կրկնում եմ՝ մինչև հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Այստեղ ասում են՝ պետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահը Ազգային ժողովի բյուջեով Մոսկվա է գործուղվում, որովհետև գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ, փնթի է կատարվում, որ պրոտոկոլ չի պահպանվում, Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք՝ չէ, փնթի է կատարվում, որովհետև հանդիպումից հետո Արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածում էլի փնթի», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը հիշատակեց Ռուբինյանի Թուրքիայում ուսանելու տարիները, ակնարկեց Ռուբինյանի գործակալ լինելու հավանականության մասին։ Կրքերը վերջնականապես թեժացան, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթում անդրադարձավ «ազդեցության գործակալի» մասին ընդդիմության թեզերին ու տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Ռուբինյանը ընդմիջեց նիստը, նիստի հեռարձակումն ընդհատվեց առանց կանոնակարգ օրենքին հղում անելու։
Օթյակից նկարված կադրերից է պարզ դառնում, որ պատգամավորների հախուռն զրույցը շարունակվել է նաև ընդմիջումից հետո։ Իսկ հայ և թուրք բանագնացների բուն հանդիպման արդյունքների մասին գիտենք հետևյալը՝ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Այս տեքստը հրապարակել է և՛ պաշտոնական Երևանը, և՛ Անկարան։