Գազն, ամենայն հավանականությամբ, երեք ամսից կթանկանա. ռուսական «Գազպրոմ Արմենիան» այսօր դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում բնական գազի սակագները ապրիլի 1-ից միջինը 6 տոկոսով բարձրացնելու համար:
Ռուսական ընկերությունն առաջարկում է բոլոր սպառողների համար միասնական սակագին սահմանել՝ մեկ խորանարդ մետրը՝ 135.6 դրամ, այն գազի կալորիականությամբ պայմանավորված կարող է փոփոխվել, մանրամասնում է կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը։ Այժմ սպառողները 139 դրամ են վճարում, անապահով սպառողները՝ 100 դրամ. «Անապահովներինն է թանկանում և թանկանում է 10 հազար և ավելի սպառում ունեցողներինը»:
Եթե «Գազպրոմի» առաջարկն ընդունվի, անապահով ընտանիքները ստիպված կլինեն շուրջ 36 դրամ ավելի վճարել մեկ մ3-ի դիմաց։ Գազը կթանկանա նաև ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի շատ սպառողների համար։ Դրանք հիմնականում բիզնեսներն են։ Իսկ գազը, որի սակագինը մինչ այս պահը ֆիքսված էր սահմանին, թանկանում է, որովհետև ապրիլի 1-ից փոխվում է գնի հաշվարկի մեխանիզմը։
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը հենց այս փոփոխությամբ է պայմանավորված. «Գազի գինը երկու բաղադրիչից է կազմված, մեկը արժեքն է ներկրվող, որը փոփոխական է լինելու, այսինքն` գազի ջերմատվությունից կախված` փոխվելու է, մյուս բաղադրիչը ընկերության մարժան է` շահագործման, պահպանման ծախսեր, մաշվածություն և թույլատրելի շահույթը, որն անփոփոխ է կոնկրետ հստակ դրամական մեծությունից: Ինքը նշել է, որ 8500 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում սակագինը կկազմի 135 հազար 649 դրամ 1000 խորանարդ մետրի համար»:
ՀԾԿՀ-ն ավելի վաղ հայտնել էր՝ հայ-ռուսական բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ապրիլի 1-ից կիրառել սահմանին գազի գինը ջերմատվությամբ՝ կալորիականությամբ ճշգրտելու մեխանիզմը. բարձր որակով գազի դիմաց Հայաստանը ստիպված կլինի ավելի շատ վճարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԾԿՀ-ն չի բացառում, որ առաջիկա տասնամյակում գազի գինը որոշվի կալորիականությամբՀայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում, բայց ստանում է պայմանագրով ամրագրված 7900 կիլոկալորիա ջերմատվությունը գերազանցող՝ ավելի որակով գազ, անցած տարի անգամ 8600-ի սահմանն է անցել:
«Գազպրոմ Արմենիան» հայտնում է՝ 8500 կիլոկալորիա ջերմատվությամբ գազը շուրջ 178 դոլար կարժենա` 13 դոլարով գործող գնից թանկ, եթե գազի ջերմատվությունը ավելի ցածր կամ բարձր լինի՝ գինը ուղիղ համամասնությամբ կփոխվի։
Գազի վրա այլ գործոններ էլ են ազդում. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ վերջնական սակագները որոշելիս պետք է հաշվի առնվեն մի շարք այլ գործոններ ևս. «Գազի վրա այլ գործոններ էլ են ազդում, ոչ միայն կալորիականության գործոնը, ներդրումներ է իրականացնում, կորուստներն է կրճատում «Գազպրոմ Արմենիան», աշխատատեղեր և այլն: Թե ՀԾԿՀ-ն ինչպես այդ կալորիականության հարցը կներառի սակագնի մեջ, մոտակա հաշվարկները ցույց կտան», - ասաց տնտեսագետը:
«Գազպրոմ Արմենիան» երկու տարի առաջ էլ էր դիմել սակագները բարձրացնելու համար: Կարգավորող հանձնաժողովը որոշել էր բնակիչների համար սակագներն անփոփոխ թողնել, այդուհանդերձ կապույտ վառելիքը միջինը 4.5 տոկոսով թանկացավ մի շարք տնտեսվարողների համար:
Հանձնաժողովն այժմ պետք է ուսումնասիրի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, դրա համար առավելագույնը 80 օր ժամանակ ունի։
Հունվարի 1-ից Հայաստանում թանկացել էր ջուրը, փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը։ Առայժմ հայտնի չէ՝ եթե գազի սակագինը բարձրանա, արդյոք կառավարությունն անապահով ընտանիքներին սուբսիդավորում կտրամադրի։