Հայաստանի իշխանություններն ընդունում են՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում այս պահին անորոշություն է, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հույս հայտնեց, թե անակնկալներ չեն լինի։
Միջազգային շուկայում գնի բարձրացման, երեկ էլ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ռուսական պետական «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի միջև կայացած հանդիպման ֆոնին սակագնի հարցն այսօր հասավ Ազգային ժողով։
2022-ին Հայաստան մատակարարվելիք գազի սակագնի վերաբերյալ արդյոք այժմ որոշակիություն կա՞, հարցուպատասխանի ընթացքում հարցեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը. «Մինչև այս պահի դրությամբ անգամ 2021 թվականի մասով մենք ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնել ռուսական կողմի հետ միասին»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ անորոշություն կա, կառավարությունն ամեն անգամ ռուսական կողմի հետ այս հարցը քննարկելիս փորձում է խոսել առնազն սակագնի պահպանման, այլ ոչ բարձրացման մասին, սակայն «Գազպրոմ»-ի կողմից հակառակ պնդում կա. «Մենք, ըստ էության, ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից, որ 13 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում, բայց դա աշխատանքային պրոցես է, և հիմա Ձեր թույլտվությամբ ես հիմա ավելի բան չասեմ, որովհետև հենց հիմա բանակցությունների գործընթաց է», - պատասխանեց Գրիգորյանը:
Երեկվա պաշտոնական հաղորդագրությունում Փաշինյանի և Միլլերի հանդիպման մասին շատ մանրամասներ չկային, միայն նշվում էր, որ քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ»ի գործունեությանը վերաբերող հարցերի: Պարզ չէր արդյոք, թե հանդիպմանը քննարկվել է գազի սակագինը։ Վերջին անգամ ռուսական ընկերությունը գազի գինը բարձրացրել է 2019 թվականին՝ 1000 խմ-ի համար 165 դոլար, և դա մինչ օրս չի փոխվել։
Անցած տարի Հայաստանը գազի սակագինը նվազեցնելու հարց բարձրացրել էր՝ մատնանշելով կորոնավիրուսի պատճառով էներգետիկ շուկայում գների անկումը, սակայն Երևանն ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չէին հասել։
Այդուհանդերձ, այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս հայտնեց, որ առաջիկայում սակագնի հարցում անակնկալներ չեն լինի. «Անսպասելի ասելով նկատի ունեմ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա, բայց ժամանակի ընթացքում տեսեք` աշխարհում ինչ է կատարվում: Հիմա ես չեմ կարող խոսել երկու կամ երեք տարիների կտրվածքով: Այս տարի հուսով ենք, որ կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին», - ասաց նա: