Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն չի բացառում, որ առաջիկա տասնամյակում գազի գինը որոշվի կալորիականությամբ


Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան մատակարարվող գազի ջերմատվությունը՝ կալորիականությունը սահմանված 7900-ից հիմնականում բարձր է եղել։

էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումից հետո, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), սահմանին գազի գինը նույնպես փաստացի կարող է բարձրանալ։ Չի բացառվում նաև, որ առաջիկա տասնամյակում գազի գինը կալորիականությամբ՝ որակական չափանիշներով որոշվի։

Իսկ կառավարությունից տեղեկացնում են, որ գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

Օրերս ՀԾԿՀ-ն հայտնեց, թե ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր է դառնում 10 տարի ժամկետով գազի ներկրման կայուն գին սահմանել՝ նվազագույնը 7900 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։ Հայաստանն այժմ էլ է այդ որակի գազի դիմաց 165 դոլար վճարում, սակայն այդ գինը ֆիքսված է, գազի որակական չափանիշներով պայմանավորված այն չի փոփոխվում։ Իսկ ահա հնարավոր փոփոխությունների դեպքում, ավելի որակյալ գազի արժեքը կգերազանցի 165 դոլարը։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան մատակարարվող գազի ջերմատվությունը՝ կալորիականությունը սահմանված 7900-ից հիմնականում բարձր է եղել, անգամ անցել է 8600-ի սահմանը։ 10 տարով գինը ֆիքսելու դեպքում արդեն Հայաստանն ավելի բարձր որակով գազի համար հնարավոր է ավելի շատ վճարի։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հենց այսպես է բացատրում հնարավոր փոփոխությունները. - «Բանակցություններում խնդիր է դրվել, որ գինը կալորիայով նաև ճշգրտում իրականացվի։ Այսինքն՝ եթե էսօր ավելի բարձր կալորիայով գազ ա գալի, զուտ կալորիայով պայմանավորված՝ էդ գինը կարա ավելանա»։

Ուլիխանյանի խոսքով, սահմանին գազի գնի շուրջ պայմանավորվածությունը դեռ չի նշանակում, թե ներքին սակագները չեն փոխվի, թեև այժմ «Գազպրոմ Արմենիայից» սպառողների համար կապույտ վառելիքը թանկացնելու հայտ չկա։

Հայաստանի բնակչությունը սպառած 1 խորանարդ մետր գազի համար 139 դրամ է վճարում, սոցիալապես անապահովները՝ 100 դրամ։ Անցած տարի «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր վերջիններիս համար շուրջ 36 դրամով թանկացնել գազը, սակայն կարգավորող հանձնաժողովը հայտը չբավարարեց, գազը, այդուհանդերձ միջինը 4,5 տոկոսով թանկացավ տնտեսվարողների համար։

2019-ի հունվարից, երբ ավարտվեց հայ-ռուսական գազային պայմանագրի ժամկետը, սահմանին գազի գինը 15 դոլարով ավելացավ՝ կազմելով 165 դոլար։

Այս սակագինը հաջորդ տարի կմնա նույնը, հետագայի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, այսօր լրագրողներին տեղեկացրեց այդ բանակցություններում Հայաստանը ներկայցնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հաստատելով, որ քննարկման հիմնական հարցերից մեկն էլ հենց գազի գինը կալորիականությամբ հաշվարկելու հնարավորությունն է. - «Ես չեմ ուզում դա անվանել ռիսկ, բայց ուզում եմ ասել, որ էդ հարցը դեռևս քննարկման փուլում է»։

Փոխվարչապետի խոսքով, «գազային» բանակցությունների մյուս հիմնական հարցն էլ «Գազպրոմ»-ին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շուրջ ստեղծված իրավիճակն է։ 2013-ին կնքված հայ-ռուսական պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել այդ բլոկի կառուցման ու արդիականացման համար արված ռուսական ներդրումների վերադարձը, սակայն այդ պարտավորությունները չեն կատարվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնեց ՝ երկու երկրները պայմանավորվել են, որ առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանն ընկերությանը տարեկան շուրջ 32 միլիոն դոլար է տրամադրելու։ Ըստ էության այդ գումարը պետք է վերադարձնեն շարքային քաղաքացիները։ Կարգավորող հանձնաժողովն առաջարկում է միջինը 4,7 դրամով թանկացնել հոսանքը։

Նախատեսվում էր «Գազպրոմին» պատկանող կայանի հոսանքն Իրան արտահանել, ինչը պիտի ապահովեր ներդրված միջոցների վերադարձը, սակայն բարձր լարման նոր օդային գծի շինարարությունը մինչև այսօր չի ավարտվել, և, ինչպես ասաց Աշոտ Ուլիխանյանը՝ «քննարկումների արդյունքում որոշվել է այս մեխանիզմով»...

«Ազատության» հարցին, թե ինչու պետք է «Գազպրոմի» նկատմամբ Հայաստանի չկատարած պարտավորությունների պատճառով հենց էլեկտրաէներգիան թանկանա, ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը պատասխանեց՝ հոսանք արտադրողներին գումարը փոխհատուցվում է հենց սակագների միջոցով. - «Կառավարությունը, ենթադրենք, եթե որոշեր պետական բյուջեից սուբսիդավորում աներ, կարար և էդ տարբերակը լիներ»։

Առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կքննարկվի կարգավորող հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովը առաջարկում է նոր սակագները կիրառել փետրվարի 1-ից։

XS
SM
MD
LG