«Շատ մեծ գործ կա անելու»․ տոնական օրերին Գյումրիում օտարերկրացի զբոսաշրջիկների համեստ հոսք է նկատվել

Չնայած սպասումներին՝ տուրիստական գործակալությունների ու հյուրանոցների տնօրենների հավաստմամբ, տոնական օրերին Գյումրիում օտարերկրացի զբոսաշրջիկների համեստ հոսք է նկատվել։ Տեղի հյուրանոցներից մեկի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նկատում է՝ եվրոպացիները հատուկենտ են եղել, ավելի շատ այցելել են ռուսաստանցիները։ Այնինչ հատկապես Գյումրիի օդանավակայանի վերանորոգումից հետո ավելի մեծ հոսք էր ակնկալվում։

«Ռուսաստանից ունեցանք որոշ չափով զբոսաշրջիկներ, հատկապես պետք է ասել, որ մեր օդանավակայանի նոր վերանորոգումից հետո, բայց հետո ինչ-որ պասիվություն զգացվեց, հիմա էդպես շատ չեն։ Օդանավակայանի ակտիվացման մասին շատ լուրջ պիտի մտածել, էդ դեպքում իրոք կունենանք զբոսաշրջային լավ մուտքեր», - ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը։

Հյուրանոցի տնօրենի խոսքով՝ թեև տոներին ռուս տուրիստների նախընտրած ուղղություններից մեկը եղել է Հայաստանը, բայց շատերը այդպես էլ Գյումրի չեն եկել։ «Ռուս զբոսաշրջիկներ չունեինք, մենակ մեզ մոտ տեղացիներ էին և արտասահմանցիներ, որոնք աշխատում են Հայաստանում, էլի տեղացի են էլի համարվում՝ իրենք Հայաստանում երկարաժամկետ ապրող արտասահմանցիներ են։ Այսինքն՝ հիմնականում Հայաստանից էին», - ասաց տնօրենը։

Ալեքսան Տեր-Մինասյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աշխույժ զբոսաշրջային ուղղություն դարձած Գյումրիի համար տուրիստական բումը նախաքովիդյան 2019-ն էր․ - «2019-ին եղել է երեք անգամ ավելի, քան 2021-ին, բայց 2021-ը, երկու անգամ ավելի է եղել, քան 2020 թիվը, այսինքն՝ 2020 թիվը մեռած տարի կարելի է համարել․ պատահական հյուրեր ենք ունեցել, շատ ժամանակ լրիվ փակ է եղել»։

Դեռ 90-ականներից այս ոլորտում աշխատող հյուրանոցի տնօրենը տուրիստների ավելի մեծ հոսք չապահովելու պատճառներից մեկը համարում է տեղում սպասարկման ոլորտի մասնագետների պակասը։

«Թերևս շատ մեծ գործ կա անելու՝ բոլոր բնագավառներում, տուրիստական բոլոր օղակներում՝ թե՛ թանգարանների հետ կապված, թե՛ հյուրանոցների, թե՛ զբոսաշրջային այլ օբյեկտների հատկապես գաստրոնոմիկ՝ սրճարանների և ռեստորանների, որի դեֆիցիտն այս անգամ արդեն զգալի է, դեֆիցիտը ոչ թե քանակի առումով, այլ նաև որակի։ Ցավոք սրտի, մեզ մոտ կամ կան կառույցներ, որոնք բավարար չեն՝ թե՛ աքանակի, թե՛ որակի առումով՝ զբոսաշրջային մասնագետներ պատրաստելու համար։ Մեզ մոտ պատրաստում են աշխատանքի ընթացքում, իսկ դա գործատուի համար մեծ ծախս է», - ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը։

Գյումրիից դուրս ձմռան ամիսներին մարզի ձնառատ համայնքները կարող են տուրիստական հոսքեր ապահովվել, սակայն գործակալությունները առայժմ չեն շտապում դրանք ներառել իրենց փաթեթներում՝ կրկին թերի ենթակառուցվածքների ու մասնագետների բացակայության պատճառով։