Մատչելիության հղումներ

Ծնողավարման գիտելիքներ՝ հայրիկների դպրոցում


Մայրիկները պետք է ավելի ներգրավված լինեն քաղաքացիական, քաղաքական ու հասարակական կյանքում, հայրիկները՝ ընտանեկան։ Այս տարբերակում են լինում ամենաամուր ընտանիքները, ցույց են տվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունները։ Այս մասին գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը հայտնեց Վանաձորում «Ընտանեկան անկյուն»-ի հիմնադրման հանդիսավոր արարողությանը։

«Մի կողմից մենք փորձում ենք հզորացնել կանանց, բայց մյուս կողմից այդ դեպքում տուժում է ընտանիքը, երեխաների ու տարեցների խնամքը», - ասում է Ծովինար Հարությունյանն ու շեշտում՝ հայ ընտանիքներում քիչ է ընդունված տղամարդկանց ներգրավվածությունը կենցաղային հարցերում ու ծնողական պարտականությունների մեջ, բայց ապացուցված բան է՝ մասնակից լինելու դեպքում ընտանիքներում շահում են բոլորը, նախ և առաջ՝ երեխաները։

«Այսինքն պետք է կարողանանք մի կողմից կանանց հզորացնենք, որպեսզի իրենք ինքնառեալիզացվեն աշխատաշուկայում և մյուս կողմից միանշանակ աշխատենք տղամարդկանց հետ, որպեսզի իրենք էլ ավելի շատ ներգրավված լինեն ընտանեկան առօրյայում, երեխաների հետծննդյան խնամքի մեջ, որպեսզի ձեռք ձեռքի տված կարողանանք ավելի մեծ քայլերով առաջ գնալ», - նշեց Հարությունյանը։

Գյումրիում արդեն ստեղծել են դպրոց հայրիկների համար։ Ծրագրի պատասխանատուն Գյումրիի երիտասարդ նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանն է։ Ասաց՝ շատ հաճախ հայ տղամարդուն դժվար է համոզել՝ կնոջ հետ կիսել տան հոգսերը, մասնակցել նրա ծննդաբերական դժվարություններին, ներգրավվել նորածին երեխայի խնամքի գործերին և այլն։

«Հատուկ մասնագետներ են ներգրավվում, փորձագետներ են Երևանից և Հայաստանի տարբեր շրջաններից, ովքեր հատուկ մոդելներով այդ խմբի հետ աշխատում են և երեք հանդիպումից հետո սառույցը կոտրվում է, իրենք ավելի բաց են դառնում, սկսում են խոսել այնպիսի թեմաների մասին, որ անգամ կանայք ասում են՝ երբևէ տանն անգամ ինձ հետ այդ թեմայով չի խոսել, որովհետև դա տաբու է իր համար, ամոթ է իր համար, բայց հանդիպումից հետո տանը սկսել է հատուկ հարցեր տալ, անգամ աղջիկ երեխայի առողջական որոշակի կանացի հարցերի հետ կապված հարցերով է հայրը սկսել հետաքրքրվել, որ նախկինում երբեք իրեն հետաքրքիր չի եղել», - ասաց Նաջարյանը։

Հայրիկների դպրոցի մասնակից են դարձրել անգամ կարծրատիպեր ունեցող գյումրեցի երիտասարդներին, որոնք համոզված էին՝ կինը տանը նստելու և երեխաների խնամքով ու կենցաղով զբաղվելու համար է։ Արգելված են համարել սեռական կյանքի, կնոջ հղիության ու նմանատիպ հարցերի մասին խոսելը։

«Մեր հայրիկներից մեկը, ով ասում էր, որ ես քյարթ տղա եմ և մեր թաղամասում ո՞վ կարող է ասել կնոջ ծննդաբերություն կամ գնալ կնոջ կողքը կանգնել, դա տղամարդկություն չի։ Ինքը ընդամենը մի քանի հանդիպումից հետո ասում էր՝ ընկերներիցս մեկի կինը հղի էր և բավականին ծանր հղիություն էր տանում, թունավոր հղիություն է տարել, ասում է՝ ես գնացի բժշկի փոխարեն լուծումը տվեցի, ասացի՝ գնա կնոջդ կողքը կանգնի և ամեն ինչ լավ կլինի։ Էս օրինակը մեզ համար արդեն իսկ քայլող օրինակ է, իսկ դա այն անձն էր, որը ուներ լուրջ խնդիրներ», - ասաց Արթուր Նաջարյանը։

«Հեծանիվ չենք հորինել, ընդամենը քիչ են մեր գիտելիքները ծնողավարման մասին», - ասում է Արթուր Նաջարյանը, որ Հայաստանում ու զարգացած պետություններում ընտանեկան բռնությունների մասին վիճակագրական տվյալները համեմատելիս եզրակացրել է՝ այնպես չէ, որ մեր տղամարդիկ քիչ են սիրում իրենց երեխաներին, ուղղակի մենք զիջում ենք մեր գիտելիքներով, թե ինչ մասնակցություն պետք է ունենա տղամարդը ընտանիքում, սխալ են մեր մոտեցումներն ու պատկերացումներն այս հարցում, ասում է բազմաթիվ ընտանիքների հետ շփումներ իրականացրած Արթուր Նաջարյանը։ Հայրիկների դպրոցն օգնել է շատերին փոխելու իրենց մոտեցումները։

«Զույգերից մի քանիսն ասացին՝ մի քանի տարվա ամուսիններ ենք, բայց ես չգիտեի, որ ամուսինս ինձ այդքան սիրում է, ասում է՝ ծրագրի մասնակցությունից հետո հստակ հասկացա, որ իրականում ամուսնուս համար ես շատ կարևոր անձ եմ, ասում է՝ նախկինում ամաչում էր իմ մասին խոսեր, ամաչում էր անգամ երեխային համապատասխան մոտեցում ցուցաբերել, ծրագիրը կարծրատիպեր է կոտրել։ Այո, մենք չենք եկել հեծանիվ հորինելու, մի փոքրիկ արժեքներն են, փորձել են այդ կարծրատիպերը կոտրելով ու հայկականը պահպանելով կրթութուն ապահովել, որպեսզի կարողանան լինել իրենց ընտանիքներում ծնող, որը իրականում դրական ծնողավարության մոդել կարող է համարվել», - ընդգծեց նա։

Արդեն նմանատիպ կենտրոն կգործի նաև վանաձորում, իսկ ավելի ուշ՝ Տավուշի մարզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG