Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները՝ մեկը նկարիչ-դիզայներ, մյուսը` ոսկերիչ, 6 տարի առաջ Գյումրիում փայտե ակնոցների արտադրություն սկսեցին: Եղբայրները հպարտությամբ նշում են, որ իրենք են Հայաստանում առաջին ակնոց արտադրողները և ամեն ակնոցի վրա բացի «Թվինզ» բրենդից պարտադիր նաև «արտադրված է Հայաստանում» նշումը կա:
«Թվինզ» ակնոցների վրա շատ կարևոր է՝ լինի ակնոցի անունը, որովհետև ամեն մի ակնոցը ծնվելուց անուն ունի արդեն, գրված է նաև փայտի տեսակը, թե ինչ փայտի տեսակ է օգտագործվում ու ամենակարևորը՝ գրված է, թե որտեղ է արտադրված, գրված է, որ արտադրված է Հայաստանում։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի Հայաստանի իմիջը մեր փոքր ներդրումով կարողանանք բարձրացնել միջազգային շուկայում», - նշեց Բաբկեն Խաչատրյանը։
Եղբայրները նոր կոնցեպտ են մշակել. փայտից ակնոցները շուտով կհամալրվեն հատուկ սարքերով՝ դրանք դարձնելով խելացի: Սմարթ ակնոցներ են արտադրելու, օրինակ, լսողական խնդիր ունեցողների համար: Բաբկեն Խաչատրյանի խոսքով՝ ձեռագործ աշխատանքների բիզնեսը պետական աջակցություն շատ քիչ է ստանում, ուստի որոշել են ՏՏ ոլորտի ներգրավմամբ ստանալ ակնոցների նորարարական մոդելներ: Ծրագիրն արդեն հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից։
««Անկեղծ լինեմ՝ այդ գաղափարին եկանք նաև նրա համար, որ հանրապետությունում շատ ոգևորում են և ֆինանսավորում են հիմնականում բարձրագույն տեխնոլոգիաները, իսկ ձեռագործ, արհեստագործ արտադրամասերը, որոնք մեծ պոտենցիալ ունեն աշխարհում լավ տեղ գրավելու, այդքան էլ ուշադրություն չեն գրավում։ Դրա համար մենք որոշեցինք համատեղել ձեռագործ, արհեստագործ վարպետությունը ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Ու ստացանք այդ պրոտոտիպը, որը շատ հավանության արժանացավ բոլորի կողմից՝ թե՛ «Ջի Այ Թի Զեթ»-ի կողմից, թե՛ բարձրագույն տեխնոլոգիաների կողմից, և մենք այդ պռոեկտի զարգացմանը միջոցներն ուղղորդում ենք այդ պռոեկտի զարգացմանը», - ընդգծեց Բաբկենը։
Բիզնեսի կայացման համար որպես տեղական արտադրող որոշակի աջակցություն տարբեր կառույցներից են ստացել:
«Հիմնական աջակցություն ես ստացել եմ իմ հարազատներից, իմ ընկերներից, ովքեր կարողացել են, որ կարող ենք ու հիմնական ներդրումը եղել է մարդկային ռեսուրսը», - ընդգծեց Բաբկեն Խաչատրյանը։
Խաչատրյան եղբայրների ակնոցները պատրաստվում են բնական փայտից, ինչի շնորհիվ թեթև են՝ ընդամենը 21 գրամ: Աշխատանքի մեծ մասը արվում է ձեռքով: Մեկ ակնոցի պատրաստման համար առնվազն 60 ժամ է պահանջվում: Համակարգչով դիզայնի մոդելավորումից հետո հատուկ հաստոցի միջոցով փայտից ակնոցի շրջանակներն են ստանում, մնացած աշխատանքն արդեն արվում է ձեռքով։
Ինչպես ձեռագործ ցանկացած արտադրանք, այս ակնոցները ևս բարձր գին ունեն: Եվրոպայում դրանց արժեքը սկսում է 400 եվրոյից, Հայաստանում, ըստ Խաչատրյանների, նման արժեքով չեն կարող վաճառել: Ուստի հայկական ծառատեսակի համակցությամբ փորձում են հայաստանցու գրպանին հարմար ակնոցներ արտադրել:
«Ճիշտն ասած շատ ժամանակ փորձում էինք ստանալ ավելի մատչելի սեգմենտի ակնոց, որ հասանելի լինի բոլորին։ Տեղական փայտատեսակների շնորհիվ ստացել ենք, ճիշտ է, հումքի տարբերության շնորհիվ ստացել ենք ավելի մատչելի տեսակը, բայց «Թվինզ»-ի փայտանյութն Իտալիայից ենք ներկրում, էկզոտիկ փայտեր են, գրեթե աշխարհի տակ ինչ փայտատեսակ կա հնարավոր է պատվիրել», - ընդգծեց Դավիթ Խաչատրյանը։
Վերջին շրջանում հայկական շուկայում տեղական ակնոց արտադրողներ են առաջ եկել: Կարո՞ղ է արդյոք Գյումրիում հիմնված այս բիզնեսը դիմակայել մրցակցությանը։
«Զարգացող բրենդներ կան, որոնք արդեն իսկ գրավում են շատ շուկաներ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Կոնկուրենցիան ես ողջունում եմ, որովհետև հենց կոնկուրենցիայի միջոցով է, որ ստեղծվում է պայքար ու այդ պայքարի միջոցով է, որ սկսում են կատարելագործվել ու դառնալ պրոֆեսիոնալ։ Այն, ինչ ստեղծել եմ Գյումրիում, իմ գերնպատակն է, որ հենց Գյումրիում էլ օգուտ բերի», - ասաց Բաբկեն Խաչատրյանը։