Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, կտևի 10 օրից ոչ ավելի։
Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում:
ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբՂազախստանի վարչապետ նշանակվեց Ալիխան Սմաիլովը
Տոկաևն այսօր վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին․ նրա թեկնածությունը հաստատվեց խորհրդարանի ստորին պալատում։
Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։
Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախագահին նշանակվելուց հետո տասն օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտեցավ 10 հազարին