Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով, Ժնևում մոտ 8 ժամ տևած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո երեկ հայտարարել է ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժնևում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության շուրջ բանակցությունների առաջին փուլըԱմերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտել է, որ չնայած տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և լրագրողների հարցուպատասխանը հրապարակել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ամերիկյան կողմը «կտրականապես» դեմ է այն առաջարկներին, որոնք Արևմուտքն անընդունելի է համարում, ըստ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքջում հրապարակված հաղորդագրության՝ ասել է Շերմանը։ «Մենք թույլ չենք տա որևէ մեկին հակազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչը դաշինքի համար միշտ կարևոր է եղել։ Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից ինքնիշխան պետությունների հետ, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ, և չենք ընդունի որոշումներ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, կամ ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդեն. «Ռուսաստանը ծանր գին կվճարի Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում»Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը կրկին հայտարարել է՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը Մոսկվայի համար անհետևանք չի մնա։ «Եթե Ռուսաստանը է՛լ ավելի ներխուժի Ուկրաինա, ապա այդ գործողությունների գինը և հետևանքները շատ ավելի հեռուն կգնան, քան եղել է 2014 թվականին։ Դրանք կներառեն ֆինանսական պատժամիջոցներ, որոնք կհարվածեն, ինչպես հայտարարվել է, առանցքային ֆինանսական ինստիտուտներին, արտահանման վերահսկողության ոլորտին, արդյունաբերության կարևոր ճյուղերին, կավելացվի ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը դաշինքի անդամ երկրների տարածքում, ինչպես նաև Ուկրաինային հատկացվող օգնությունը անվտանգության ոլորտում», - մանրամասնել է Ուենդի Շերմանը։
Մոսկվան շարունակում է հերքել՝ «Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա, հետևաբար՝ այդ հարցն առևտրի առարկա չէ», - Ժնևում հայտարարել է ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում ռուսական կողմը ներկայացնող փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան կողմը շատ լրջորեն է մոտեցել ռուսական առաջարկներին, դրանք խորությամբ ուսումնասիրել է», - կարծիք է հայտնել Ռյաբկովը՝ հավելելով, որ ռուսաստանյան պատվիրակությունը բացատրել է, թե ինչու Հյուսիսատլանյան ռազմական դաշինքի հետագա ընդլայնման կանխումը հրամայական է Ռուսաստանի համար։ Բայց այդ հարցում առաջընթաց չկա, արձանագրել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը՝ շեշտելով, որ մյուս հարցերի լուծումը կախված կլինի հենց այդ հարցում առաջընթացից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կարծում է, որ Արևմուտքը կընդունի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու մասին Ռուսաստանի պահանջըՌուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումները տեղի են ունենում Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորականների և մեծաթիվ զինտեխնիկայի կուտակումների ֆոնին։ Արևմուտքը մտավախություն ունի, որ 2014 թվականին Ղրիմը բռնակցած, ապա Ուկրաինայի կառավարական բանակի հետ պատերազմող անջատականներին աջակցելուց հետո Մոսկվան այժմ էլ կարող է Ուկրաինա ներխուժել։ Ռուսաստանը շարունակաբար հերքում է այդ կասկածները և պահանջների ցանկ է ներկայացրել, պնդելով՝ Արևմուտքը պետք է երաշխիքներ տրամադրի Մոսկվային առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը:
Ռուսական կողմի պահանջների շուրջ Ժնևում տեղի ունեցած հանդիպումը Մոսկվայի և և արևմտյան երկրների միջև առաջին հանդիպումն է։ Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում բանակցություններ:
Ժնևյան քննարկումներին զուգահեռ՝ Բրյուսելում նախօրեին կայացել է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որի մեկնարկին կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացմանը՝ դաշինքը մտադիր չէ իր դռները փակել Ուկրաինայի համար։ «Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և ՆԱՏՕ-ն այդ հարցում կօգնի նրան», - հայտարարել է Ստոլտենբերգը։