ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության նոր տարբերակ:
Politico հանդեսին տված հարցազրույցում Դանիայի նախկին վարչապետ, Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար, այժմ վերլուծաբան, Rasmussen Global խորհրդատվական ընկերության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Ուկրաինային և Վրաստանին պետք է շնորհել անդամի կարգավիճակ, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն ունեն տարածքային չլուծված վեճեր:
Ռասմուսենի համոզմամբ, այդ նպատակին հասնելու համար կարելի է սահմանափակել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը կիրառելու մեխանիզմը:
«Մենք 2008 թվականին Վրաստանին և Ուկրաինային խոստացել ենք տեղ տալ ՆԱՏՕ-ում, եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը: Հարկ եղած դեպքում մենք կարող ենք դա անել հատուկ վերապահումով, փաստաթղթում ամրագրելով, որ 5-րդ հոդվածը տարածվում է միայն Թբիլիսիի և Կիևի հսկողության տակ գտնվող տարածքների վրա», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը:
Կանոնադրության 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի հիմքն է, այն սահմանում է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա:
Փաստորեն 5-րդ հոդվածը բոլոր երկրներին պարտադրում է գործադրել ռազմական կարողությունները և պաշտպանել դաշնակցին՝ անկախ նրանից, թե որ պետությունն է դարձել թիրախ՝ միջուկային գերտերություն Ամերիկա՞ն, թե՞ համեստ կարողություններով փոքրիկ Էստոնիան:
Բայց ինչպե՞ս խուսափել միջուկային մեկ այլ գերտերության՝ Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատումից: Չէ՞ որ Ղրիմը բռնազավթված է, իսկ Ուկրաինայի արևելյան շրջանի զգալի մասը գործնականում ռուսների հսկողության տակ է: Բացի այդ, Աբխազիան և Հարավային Օսիան ռուսների ռազմական ուժով անջատվել են Վրաստանից և հռչակել են անկախություն, որը հզոր պետություններից միայն Ռուսաստանն է ճանաչել:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի փոխանցմամբ, Վրաստանին և Ուկրաինային անդամություն շնորհելիս կարելի է պաշտոնապես նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ պարագայում առնչություն չունի Վրաստանից և Ուկրաինայից անջատված տարածքների խնդրի հետ:
«ՆԱՏՕ-ն չի կարող նոր անդամների հարցում վարել բաց դռների քաղաքականություն և միաժամանակ Վլադիմիր Պուտինին փոխանցել դռնապանի իրավունքը», - ասել է Ռասմուսենը:
Մոսկվայից հակադարձում են
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովն անդրադարձել է Ռասմուսենի հարցազրույցին, ասելով, որ նախկին գլխավոր քարտուղարը «հայտնի բազե» է, իսկ նրա առաջարկը «չափազանց վտանգավոր է»:
«Իրականում դա խորամանկ հնարք է, անդամակցելու դեպքում Ուկրաինան և Վրաստանն անմիջապես կպնդեն, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի վերապահումից, և Ռուսաստանի հետ ռազմական բախումն անխուսափելի կդառնա, ընդ որում Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական երկրների մեծ մասը սեփական կամքին հակառակ ակամա կներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ», - նշել է Պուշկովը:
Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և հստակ խոստում, որ նախկին խորհրդային երկրները երբեք չեն անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին:
Հունվարի 10-ին Ժնևում, 12-ին Բրյուսելում և 13-ին Վիեննայում ռուսներն այդ և հրատապ մյուս խնդիրների շուրջ բանակցելու են Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ: