Սպիտակ տան երեկվա հաղորդագրության համաձայն, Ջո Բայդենն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները «վճռականորեն կպատասխանեն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր ագրեսիային»:
Երկու նախագահները երեկ են քննարկել ռուս-ուկրաինական լարվածությունը, որը նաև ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 30-ի հեռախոսազրույցի կարևոր թեման էր: Բայդենը հայտնել է, որ կոշտ նախազգուշացում է արել Պուտինին:
«Ես հասկացրեցի նախագահ Պուտինին, որ եթե նա ներխուժի Ուկրաինա, մենք կսահմանենք խիստ պատժամիջոցներ, մենք և մեր դաշնակիցները կավելացնենք ներկայությունը Եվրոպայում, և Պուտինն այդ ագրեսիայի համար շատ ծանր գին կվճարի»,- ասել է Բայդենը 2021-ի դեկտեմբերի 31-ին:
Նա խոստացել է Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները ներկայացնել Ուկրաինայի ղեկավարին:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին Բայդենի և Զելենսկու հունվարի 2-ի հեռախոսազրույցի մասին հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի հաջորդ շաբաթվանից կողմերը դիվանագիտական ակտիվ քայլեր են ձեռնարկելու:
Նախ հունվարի 10-ին ռուս-ամերիկյան ռազմավարական կայունության երկխոսության շրջանակներում Ժնևում տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սերգեյ Ռյաբկովի և Ուենդի Շերմանի հանդիպումը, հունվարի 12-ին Բրյուսելում պետք է գումարվի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության կենտրոնակայանում նախատեսվում են Ռուսաստանի և արևմտյան երկրների ներկայացուցիչների քննարկումները:
Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ռուսների հետ հանդիպումներում Կիևի տեսակետն անտեսող ոչ մի ստվերային համաձայնություն չի կարող լինել: «Ոչինչ ձեր մասին առանց ձեզ»` դա է լինելու սկզբունքը:
Բայդենը նաև ընդգծել է, որ Ամերիկան շարունակելու է անվերապահորեն պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Բայդենն աջակցություն է հայտնել Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումներին և վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով իրականացվող դիվանագիտական ջանքերին, որոնց նպատակն է կյանքի կոչել Նորմանդյան ձևաչափով բանակցություններում ձեռք բերված Մինսկյան համաձայնությունները:
Զելենսկին գովեստով է արտահայտվել երեկվա հեռախոսազրույցի մասին: «Տարվա առաջին բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահի հետ հաստատում են մեր հարաբերությունների հատուկ բնույթը, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Զելենսկին, նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են «գործընկերների համատեղ ջանքերով Եվրոպայում խաղաղություն ապահովելու և հետագա լարվածությունը կանխելու հնարավորությունները, Ուկրաինայում բարեփոխումների և ապաօլիգարխացման հարցերը»:
Զելենսկին Բայդենի հետ խոսել է առաջիկա օրերին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու հնարավորության մասին:
Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ Ուկրաինայի սահմանների մոտ շուրջ 100-հազարանոց բանակ տեղակայած Ռուսաստանը կարող է հարձակվել այդ երկրի վրա:
Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինայի նախագահը Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Միացյալ Նահանգների մասնակցությունը Դոնբասի հարցի կարգավորմանը:
«Վաշինգտոնը հստակ որոշել է միանալ գործընթացին: Տարբերակը դեռ ընտրված չէ, գուցե դա կլինի Նորմանդյան ձևաչափին զուգահեռ գործընթաց»,- ասել է Երմակը:
Մոսկվան տարբեր առիթներով նկատել է տվել, որ դեմ է ամերիկացիների ներգրավմանը Նորմանդյան գործընթացին:
Ռուսները նույնպես դիվանագիտական ակտիվություն են ծավալում, դեկտեմբերի 6-ին Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը Նորմանդյան ձևաչափով քննարկումների շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Փլյոթների և Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանյուել Բոննի հետ:
Մոսկվան պահանջում է բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Բայդենը Զելենսկուն ասել է, որ այդ հարցի լուծումը վերապահվում է միայն Կիևին:
Մինչդեռ, բուն Ուկրաինայում ամենայն լրջությամբ են ընդունում ռուսական ներխուժման սպառնալիքը: Մինչև հունվարի 15-ը ուկրաինական յուրաքանչյուր քաղաք պետք է ունենա տարածքային պաշտպանության ստորաբաժանում, որը կազմված կլինի կամավորներից:
Առաջին նման ստորաբաժանումը ստեղծվել է 2018-ին, այսօրվա դրությամբ այդ ջոկատներին անդամագրվել է 8 հազար մարդ, Կիևի նպատակն է կամավոր զինծառայողների թիվը հասցնել 100 հազարի: