Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան, որոշ դրվագներ է բացահայտել ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի կողմից 2016-ին ներկայացված առաջարկներից և դռնփակ բանակցություններից․ բուն փաստաթղթերը, սակայն, որոնց հղում է անում Փաշինյանը, կառավարությունը չի գաղտնազերծել։
«Ազատությունը» դիմել էր կառավարությանը, երբ Փաշինյանը անցած տարեվերջի ասուլիսում պնդել էր, թե 2016-ին ներկայացված առաջարկությունների երեք փաթեթներում էլ չի եղել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին որևէ նշում։ Հիշեցնելով, որ մինչ այդ՝ 2020 թվականի հունվարի ասուլիսում վարչապետը այլ բան էր ասել, մասնավորապես՝ թե Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության համաձայն, Լեռնային Ղարաբաղը օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, «Ազատությունը» խնդրել էր հստակություն մտցնել։
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են՝ Ղարաբաղի միջանկյալ կամ ժամանակավոր կարգավիճակի թեման (այս և հետագա ընդգծումները «Ազատությանն» են) 2007-ից՝ Մադրիդյան հայտնի սկզբունքների շրջանառումից հետո, միշտ եղել է բանակցային գործընթացում, սակայն 2016թ. ներկայացված երեք փաստաթղթերում՝ մինչ ապրիլյան պատերազմը, հուլիսին և օգոստոսին, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։
Կառավարությունը միաժամանակ փաստում է, որ թեև բուն ձևակերպումը չի եղել, սակայն եղել են միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակի որոշակի ատրիբուտներ, որոնք պետք է հաստատվեին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, և դա պետք է դառնար ԼՂ ճանաչված կարգավիճակը՝ մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններումԻնչո՞ւ է Փաշինյանը վստահ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անխուսափելիորեն կքվեարկեր Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու օգտին
Վարչապետի գրասենյակը վերստին ընդգծում է՝ հենց սա է Նիկոլ Փաշինյանը համարել աղետ․ «որովհետև ԼՂ կարգավիճակի հարցը հայտնվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցում որոշումներ կայացնելիս չէր կարող չհիմնվել ԼՂ հակամարտության հարցով նախկինում իր իսկ կայացրած որոշումների վրա»։
Ակնհայտ և անառարկելի որակելով այդ պնդումը՝ կառավարությունը որպես հիմնավորում մեջբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերից վերջինը, ուր ոչ միայն առկա է «Ադրբեջանական Հանրապետության լեռնային-ղարաբաղյան տարածաշրջան» ձևակերպումը, այլև՝ հաստատվում էր Ադրբեջանի ու տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ վարչապետի աշխատակազմի, ներկայացվածը նշանակում է, որ «Անվտանգության խորհուրդը անխուսափելիորեն սահմանելու էր, որ մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը Լեռնային Ղարաբաղը ստանում է ճանաչված կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։
Կառավարության պաշտոնական պարզաբանումն ու ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չեն հստակեցնում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ինչո՞ւ պետք է անխուսափելիորեն սահմաներ, որ Ղարաբաղը կարգավիճակ էր ստանալու Ադրբեջանի կազմում, եթե 2007-ին խորհրդի երեք մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, բանակցությունների սեղանին էին դրել Մադրիդյան սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը դասելով ազգերի ինքնորոշման սկզբունքի կողքին՝ նույն հարթության վրա։
Ավելին, երբ 2008-ին մարտի 14-ին Բաքուն հատուկ բանաձև (թիվ 62/243) էր բերել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ուր խոսվում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դեմ էին քվեարկել։ Հանդես գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից՝ Ամերիկայի ներկայացուցիչը հայտարարել էր՝ փաստաթուղթը անընդունելի է, քանի որ «ընտրողաբար է ներկայացնում միջնորդների առաջ քաշած սկզբունքները՝ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկն իր հավասարակշռված ամբողջության մեջ»։ Ադրբեջանի առաջ քաշած այդ բանաձևը չէր պաշտպանել նաև Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորրորդը՝ Մեծ Բրիտանիան․ Միացյալ Թագավորությունը նախընտրել էր ձեռնպահ մնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Lեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւըԵթե նշված չէ, թե որտեղ է կայանալու հանրաքվեն, ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը վստահ, որ այն անպայման կայանալու է Ադրբեջանում
Վարչապետի աշխատակազմից նաև պնդում են, թե Փաշինյանի ստացած ժառանգությամբ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է վճռվեր Ադրբեջանի ողջ տարածքում տեղի ունենալիք համաժողովրդական քվեարկությամբ։ Որպես հիմնավորում՝ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի բանակցային թղթերից մի հատված, ըստ որի հարցը պետք է որոշվեր «համաժողովրդական հանրաքվեով, որը արտահայտում է Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտումը»։
«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ համաժողովրդական բառի մեջ կա «ժողովուրդ» հասկացություն, որը տվյալ դեպքում չի նույնականացվում Լեռնային Ղարաբաղի հետ, և կա «բնակչություն» հասկացություն, որը, նույնականացվում է Լեռնային Ղարաբաղի հետ։ Եթե հաշվի ենք առնում, որ պոտենցիալ հանրաքվեի անցկացման վայր չի նշվում, պատկերն ամբողջական է դառնում»,- նշում է վարչապետի աշխատակազմը։
1988թ. ազգային համամասնության պահպանման դրույթը դուրս էր մնացել
Ավելին, պաշտոնական պարզաբանումը պնդում է, թե կազանյան հանդիպումից հետո բանակցային թղթերից հանվել է Մադրիդյան սկզբունքներում առկա դրույթը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում էր ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը՝ այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել էր 1988-ին՝ մինչև հակամարտության սկիզբը։
Ըստ «Ազատությանն» ուղղված գրության, 2016թ. օգոստոսին հայկական կողմը դիմել է միջնորդներին, որ այդ դրույթը վերականգնվի։ Թե ի՞նչ ճակատագրի է արժանացել հայկական կողմի այդ դիմումը, կառավարությունը չի հստակեցնում։
Բանակցություններ Կասպչիկի ամառանոցում
Թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ վարչապետի աշխատակազմի հաջորդ բացահայտումը պատմում է ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկի ամառանոցում՝ Լեհաստանի Կրակով քաղաքում 2018 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած մի քննարկման մասին, որի ժամանակ խոսվել է «Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր/միջանկյալ կարգավիճակի մասին նախադասությունը վերականգնելու մասին»։
Թե ի՞նչ է որոշվել այդ խոսակցության արդյունքում, կառավարությունը, կրկին, չի հստակեցնում, բայց պնդում է՝ ուժի մեջ են մնացել դրույթները, ըստ որի միջանկյալ կարգավիճակը պետք է հաստատվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրակովում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներըՈրպես ապացույց, որ Կասպչիկի ամառանոցում տեղի ունեցած քննարկումները ապարդյուն են եղել, կառավարությունը մեջբերում է այդ հանդիպումից ընդամենը երեք ամիս անց՝ 2018-ի ապրիլի 17-ին Հայաստանի խորհրդարանում Սերժ Սարգսյանի խոսքերը, երբ նա նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո ընտրվեց վարչապետ։
«Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել՝ որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար, այլևս, գոնե շատ տևական ժամանակ, երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - նշել է նախկին նախագահը:
Այս հայտարարությունից ընդամենը վեց օր անց՝ մոտ քառորդ դար գտնվելով Հայաստանի բարձրագույն իշխանությունում, Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ իշխանությունն ու ղարաբաղյան հարցը թողնելով Նիկոլ Փաշինյանին։
Ի՞նչ ներուժ ուներ Հայաստանը՝ փոխելու գերտերությունների պայմանավորվածությունը
«Այս իրավիճակում է Փաշինյանը ժառանգել բանակցային գործընթացը»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է վարչապետի աշխատակազմը՝ հավելելով՝ նաև այդ պատճառով է վարչապետը հայտարարել բանակցությունները զրոյական կետից սկսելու և ԼՂՀ ներկայացուցիչներին ներգրավելու մասին։
Պաշտոնական պատասխանից, սակայն, պարզ չի դառնում՝ եթե բանակցային գործընթացն իսկապես հասել էր մի կետի, ուր Լեռնային Ղարաբաղը թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու բոլոր հնարավորությունները, ընդ որում, դրան կողմ էին միջնորդ բոլոր գերտերությունները, Հայաստանը ռազմական, դիվանագիտական, տնտեսական ի՞նչ ներուժով էր հայտարարում այդ պայմանավորվածությունները չեղարկելու, բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին։
Կամ, եթե բանակցությունները հասել էին հայկական կողմի համար աղետալի իրավիճակի, և իշխանություններն էլ տեղյակ էին հակառակորդի ռազմական, դիվանագիտական ու տնտեսական առավելությունների մասին, որքանո՞վ էին արդյունավետ Երևանից հնչող հայտարարությունները, այդ թվում՝ նոր տարածքներ գրավելու մասին։
«Արցախը Հայաստան է և վե՛րջ», - 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բնակչությունը հասցնել 5 միլիոնի»․ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050թ․ ռազմավարական նպատակներըՎարչապետի համոզմունքը
Եզրափակելով «Ազատությանն» ուղղված գրությունը՝ կառավարությունը նշել է. «Հայաստանի վարչապետի համոզմունքն է, որ Արցախը կմնա հայկական, և դրան են ուղղված Հայաստանի Հանրապետության բոլոր բանակցային ջանքերը։ Իսկ Արցախի կարգավիճակի հարցը եղել է և կմնա Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունների շարքում»։
Պաշտոնական պարզաբանումը, սակայն, չի հստակեցնում՝ առաջնահերթությունների շարքում պահելով հարցը՝ Փաշինյանի կառավարությունը ինչպե՞ս է դրա լուծումը տեսնում։ Կամ՝ եթե ինչպես Փաշինյանն է պնդում, թավշյա հեղափոխությունից առաջ արդեն Ղարաբաղի կարգավիճակի հայանպաստ լուծումը անհնար էր դարձել, ինչպե՞ս է իր իշխանությունը փոխելու իրերի դրությունը հիմա՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո։