Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին, վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Տվյալ պահի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ է վերցվել Ալմաթիի օդանավակայանը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ-մայորը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը հայտարարել էր Ալմաթիի օդանավակայանի՝ ցուցարարների վերահսկողության տակ անցնելու մասին։
Կոնաշենկովի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահները իրավապահների հետ համատեղ կարգուկանոն են պահպանում երկրում, մի շարք կարևոր օբյեկտներ Ալմաթիում վերցվել են պահպանության։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։