Ղազախստանի իշխանություններն ամբողջ երկրում սահմանել են ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական՝ կարմիր մակարդակ։ Այդ մասին այսօր հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում ասված է, որ այդ կապակցությամբ պետական մարմինների ղեկավարները միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանն ու անհատին և պետությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքի վերացմանը։
Ինչպես նշում է ղազախական Tengrinews գործակալությունը, երբ ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակը հաստատվում է, հատուկ ծառայություններին թույլատրվում է անձի, իրերի և մեքենաների խուզարկություն իրականացնել, ինչպես նաև ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել դրանց տեղաշարժը։ Բացի այդ, թույլատրվում է ազատ մուտք գործել բնակելի և այլ տարածքներ։ Միջոցներ կարող են ձեռնարկվել՝ վերահսկելու համար հեռահաղորդակցության համակարգերի ուղիներով փոխանցվող և այլ տեղեկատվությունը։ Ենթադրվում է նաև հատուկ ծառայությունների ամբողջ անձնակազմի լիարժեք մոբիլիզացիա և բերում մարտական պատրաստականության աստիճանի, անվտանգության այլ միջոցառումների ուժեղացում։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։