Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքներով։
«Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների ունեցվածքը, ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը», - ասել է Տոկաևը։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի հավաքական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան կավարտվի արդեն այսօր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)