ՆԱՏՕ-ն առաջարկել է Մոսկվային անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումներն անցկացնել հունվարի 12-ին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին։ Այս մասին ասված է կառույցի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Մոսկվան ՆԱՏՕ-Ռուսաստան նիստի անցկացումը հունվարի 12-ին դեռ չի հաստատել։
«Անվտանգության երաշխիքների շուրջ հենց Միացյալ Նահանգների հետ մենք կանցկացնենք բանակցությունների հիմնական փուլը, որը տեղի կունենա ամանորյա արձակուրդների ավարտից անմիջապես հետո», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Соловьёв LIVE - ին տված հարցազրույցում:
Վերջին երկուսուկես տարում նման նիստ չի անցկացվել։ Բրյուսելը, փաստորեն, առաջարկում է Մոսկվային վերականգնել այն և քննարկել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառող փաստաթղթի մասին Ռուսաստանի առաջարկը։ Ընդ որում, առաջինը, որ նման քննարկում ՆԱՏՕ-ն առաջարկում է Մոսկվային կազմակերպել հունվարի 12-ին, հայտնել էր թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Այսօր էլ Թուրքիայի արտգործնախարարը նորից անդրադարձել է Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատմանը՝ հայտարարելով, թե Անկարայում հույս ունեն, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն իրենց տարաձայնությունները կլուծեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:
«Մենք չենք ցանկանում սրացում, հանդես ենք գալիս Ուկրաինայի հարավ-արևելքի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում բանակցությունների շարունակման օգտին։ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են հանդիպում անցկացնել։ Մենք ցանկանում ենք, որ խնդիրը հաջողվի լուծել երկխոսությամբ», - ասել է նա։
Մևլյութ Չավուշօղլուի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի վստահում Մոսկվային, Ռուսաստանում էլ կարծում են, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է նրան շրջապատել, առկա է լարվածություն։ Անկարան, մինչդեռ, Չավուշօղլուի պնդմամբ, չի ցանկանում նույնիսկ խոսել պատերազմի հնարավորության մասին, ընդգծելով, թե Թուրքիան ունի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական տեխնիկայի և զորքի քանակը Ուկրաինայի հետ սահմանին. BloombergԱվելի վաղ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան չի անտեսի իր սկզբունքներն ու սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ միայն Ռուսաստանի հետ խորը կապերի պատճառով։
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի հարցը մեզ համար առնվազն նույնքան կարևոր է, եթե ոչ ավելին, քան հենց Ուկրաինայի համար», - ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:
Գրեթե նույնը, բայց հակառակ իմաստով այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь պարբերականի հետ հարցազրույցում՝ պնդելով, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հնարավորության հարցը Ռուսաստանի համար նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի, քան հենց Ուկրաինայի համար։
Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իրավական ուժ ունեցող երաշխիքներ տա առ այն, որ դաշինքն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք հետխորհրդային երկրների հաշվին, հատկապես Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
Դաշինքը և Միացյալ Նահանգները հայտարարում են, թե Մոսվկան չի կարող թելադրել ՆԱՏՕ-ին՝ ինչ քաղաքականություն վարել, սակայն միևնույն ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Մոսկվայի հետ անվտանգության երաշխիքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին օրերին պարբերաբար հայտարարում է, թե Մոսկվայի պահանջը արդար է և բխում է երկրի անվտանգության շահերից։
«Մեր նպատակներից մեկն է հասնել պայմանավորվածությունների, որոնք և՛ այսօր, և՛ երկարաժամկետ կտրվածքով կապահովեն Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը», - կիրակի օրը հայտարարել է Պուտինը՝ հավելելով՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը մերժի Մոսկվայի պահանջը, պատասխանը կլինի ռազմատեխնիկական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կարծում է, որ Արևմուտքը կընդունի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու մասին Ռուսաստանի պահանջըՌուսաստանի նախագահը չի մանրամասնել, թե ինչ ռազմատեխնիկական պատասխանի մասին է խոսքը, միայն նշել է․ «Որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկեն ինձ մեր ռազմական մասնագետները»։
Ի դեպ, ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ այս առճակատմանը մենակ չի գործելու, այլ խորհրդակցելու է իր դաշնակիցների, մասնավորապես՝ հետխորհրդային և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։
Հետխորհրդային երկրներից ոչ մեկի ղեկավարը, բացառությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի չի հայտարարել, որ այս հարցում աջակցում է Մոսկվային։ Լուկաշենկոյին, սակայն, Արևմուտքը լեգիտիմ նախագահ չի համարում։
Ամեն դեպքում, ՆԱՏՕ-Ռուսաստան այս կոշտ քաղաքական առճակատումը, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է վաղը՝ դեկտեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը։