Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին կոչ է անում հետ քաշել զորքը Ուկրաինայի սահմաններից՝ սուրբծննդյան տոներին ընդառաջ նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում։
«Մոսկվան հնարավորություն ունի ապահովելու բոլոր շահագրգիռ կողմերի համար խաղաղ և հանգիստ արձակուրդային ժամանակաշրջան», - dpa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ Ստոլտենբերգի, խոսքը ռուս-ուկրաինական սահմանի մոտ կենտրոնացած տասնյակ հազարավոր զինվորականների մասին է՝ ընդգծելով զորքի ծավալները։
Ստոլտենբերգը չի հստակեցրել, թե դիտարկում է ռուսական զորքերի տեղաշարժը որպես անվտանգության հարցերում դաշինքից զիջումներ ստանալու Մոսկվայի փորձ։ Միայն ասել է, որ պատրաստ է այդ հարցով քննարկումներ ունենալ Ռուսաստանի իշխանությունների հետ։
Տասնյակ հազարավոր զինվորականներ և զինտեխնիկա կուտակելով Ուկրաինայի հետ սահմաններին՝ Մոսկվան անվտանգության երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից և նրա դաշնակիցներից՝ մասնավորապես, պնդելով, որ Ուկրաինան ու նախկին Խորհրդային Միության մնացած երկրները չպետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնան։