Այսօր Վանաձորում չկայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ նախատեսվում էր համայնքի ղեկավար ընտրել։ Նիստը բացելու փոխարեն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ վերաքննիչ վարչական դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել ավելի վաղ վարչական դատարանի կայացրած որոշումն իրենց հայցը մերժելու մասին։
Միաժամանակ կուսակցությունը միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան՝ պարտավորեցնելու նորընտիր ավագանուն ձեռնպահ մնալ նիստ գումարելուց և համայնքի ղեկավար ընտրելուց։
Վարչական դատարանն այսօրվա որոշմամբ բավարարել է կուսակցության այս պահանջը։ Վանաձորը կմնա առանց ղեկավարի քանի դեռ վերաքննիչ դատարանը որոշում չունի։
Դեկտեմբերի 5-ի Վանաձորի ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը, և ընդամենը 10 ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար, դիմել էր վարչական դատարան ընտրությունների արդյունքներում գրանցված 12 անճշտություններն իրենց օգտին ձայներ համարելու պահանջով։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, ինչից հետո ընտրական հանձնաժողովը գրանցել էր 33 ընտրված անդամներին, հանձնել մանդատներն ու ավագանու նիստ գումարելու հնարավորություն տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ թեկնածուն ընդունում է ընտրությունների արդյունքները Վանաձորում ու քիչ հավանական համարում որևէ ուժի հետ համագործակցությունըՆիստից րոպեներ առաջ համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել էր կուսակցության վերաքննիչ բողոքի և վարչական դատարանի որոշման հիման վրա ավագանու նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը չեղարկելու մասին տեղեկությունը։
Չկայացած նիստին չէին եկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 9, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 5 և «Ապրելու երկիր» կուսակցության 2 անդամները։ Ասում են՝ նիստից րոպեներ առաջ տեղեկացել ու չեն ներկայացել։
Մինչդեռ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 14 և «Հայրենիք» կուսակցության 2 անդամները եկել էին ու ասացին, որ իրենց համար անակնկալ էր նիստը չեղարկելու մասին որոշումը։
Արդյո՞ք սա նշանակում է, որ այսօր չներկայացած երեք խմբակցությունները համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կունենան առաջիկա ընտրություններին՝ հակադրվելով «Մամիկոն Ասլանյան» դաշինքին, որի թեկնածուն արդեն 9 օր կալանքի տակ է։ Այս մասին դեռևս լռում են։ Ավելին, Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած, այնուհետև ինքնաբացարկ հայտնած լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասում է՝ երեկ խմբակցությունը նիստ է գումարել, խմբակցության ղեկավար ընտրել, բայց թեկնածուի հարց չեն քննարկել. - «Այդ հարցը երեկ չի քննարկվել, պիտի գնային, տեղում որոշեին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանն առայժմ Վանաձորի համայնքապետի միակ հավանական թեկնածուն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոռու մարզպետն անհեթեթ է համարում պնդումները, թե Մամիկոն Ասլանյանը քաղաքական հալածանքների է ենթարկվումԱյս պահին փաստացի Վանաձորում անիշխանություն է՝ գործող ավագանի չկա, թափուր են և՛ ղեկավարի, և՛ տեղակալների պաշտոնները։ Հետևաբար համայնքապետարանի աշխատակազմը, այդ թվում նրա ենթակայության հիմնարկներն ու Վանաձորին միացած գյուղական բնակավարների աշխատողները չեն կարող աշխատավարձ ստանալ, չեն կարող հատկացումներ արվել փողոցները ձյունից մաքրելու և աղբահանության համար։
Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ասաց՝ դիմել է կառավարություն աշխատավարձերի վճարման լիազորությունն ստանձնելու խնդրանքով։ Դեռ պատասխան չկա։
Մինչդեռ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ այս խնդիրը կլուծվի և աշխատակազմն Ամանորից առաջ առանց աշխատավարձի չի մնա։
Թե որքան կձգվի անիշխանությունը Վանաձորում, ինչ քաղաքական զարգացումներ կլինեն, դեռ անորոշ է։ Իսկ թե ում է ձեռնտու ստեղծված իրավիճակը, դարձյալ կուսակցությունների պատասխանները հստակ չեն։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամները սլաքներն ուղղում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ նշելով, թե իշխանությունների կամակատարն են և սպասարկում են նրանց։
«Լուսավոր Հայաստանը» օգնում է այս քվեն գողանալու գործում։ Կրկնում եմ՝ սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։ Հիմա կարող են ինձ հակադարձել, ասեն էդպես չի։ Դե եթե էդպես չի, բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, բոլոր ուժերը գնան նոր ընտրության ու համոզվենք՝ վանաձորցին ո՞ւմ է տեսնում քաղաքապետ և ում է բացառում», - ասում է ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը։
«Լուսավոր Հայաստանից» մինչդեռ հերքում են քաղաքական որևէ պայմանավորվածություն ունենալն ու նշում, թե զուտ իրավական գործընթաց են տանում՝ իրենց ավելի քան 1300 ընտրողների նկատմամբ ունեցած պարտավորություններից ելնելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՀԿ-ն Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա. դատարանը հայցը մերժեցԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՀԿ-ն կդիմի դատարան՝ պաշտպանելու Վանաձորի ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը