Քիչ հավանական է, որ Ադրբեջանին ու Թուրքիային ՀՀ-ով ճանապարհի վերահսկողություն տրվի. Արման Գրիգորյան

«Ազատության» հյուրը քաղաքագիտության դոկտոր, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

Գրիգորյան. - Փաստաթղթում ոչինչ նշված չէր Արցախի կարգավիճակի վերաբերյալ, բայց հստակ է, որ այդ բանակցություններում ամենակարևոր խնդիրներից մեկը նաև Արցախի կարգավիճակն է։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ այդ կարգավիճակի խնդիրը գոյություն չունի այլևս, Արցախը փաստորեն պիտի ինտեգրվի Ադրբեջանին, ինչպես սովորական շրջան։ Հայաստանը, բնականաբար, և Արցախը դրան դեմ են։ Բայց որ ավելի հետաքրքիր է՝ Ադրբեջանի այդ տեսակետը չեն կիսում նաև շահագրգիռ տերությունները՝ եռանախագահները և Ռուսաստանը։ Հատկապես Ռուսաստանը բավականին հստակորեն արտահայտվել է այն տակտիկայի օգտին, այն ճանապարհի օգտին, որ առայժմ պետք է կարգավիճակի հարցը առկախել, և պետք է փաստորեն հարաբերությունների նորմալացումը պատանդ չդարձնել կարգավիճակի բանակցություններին։ Դա պետք է տեղի ունենա առանց կարգավիճակի հարցի լուծման, և կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա հետո։

«Ազատություն». – Առկախել, հայերն այնտեղ ապրեն, ռուսներ էլ կանգնեն, որքան որ կկանգնեն։

Գրիգորյան. – Այո։ Ես իրականում համարում եմ, որ դա հնարավոր ամենաօպտիմալ լուծումն է։ Որովհետև եթե այսօր փորձ անեն «փաթեթով» լուծել հարցը, ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի գտնել մի բանաձև, որը կգտնի գոնե մինիմալ աջակցություն Հայաստանում և Ադրբեջանում միաժամանակ, և դա կարող է տեղի ունենալ միայն պարտադրանքով՝ եթե կարգավիճակի հարցը փաթեթով դրվի։ Հետևաբար, իմ կարծիքով, ավելի օպտիմալ է, որ կարգավիճակը հարցը առկախվի, հարաբերությունների նորմալացում տեղի ունենա այս էտապում, ինչից հետո կարգավիճակի մասին խոսելը գուցե ավելի հեշտ դառնա։

«Ազատություն». – Գուցե հակառակը, դա ավելի վտանգավոր լինի։ Ադրբեջանի ձեռքում կա խաղաքարտ՝ ամեն հինգ տարին մեկ ռուսներին ասելու հեռացեք։

Գրիգորյան. – Համաձայն եմ։ Դա իդեալական չէ։ Ես դրա համար ասեցի, որ դա օպտիմալ լուծում է։ Դրանից զատ մյուս տարբերակը ես չգիտեմ որն է։ Այսինքն՝ եթե կարգավիճակի հարցը այսօր լուծեն, և պարտադրանքով լուծեն, դա հայանպաստ չի լինելու։ Դա է իմ մտավախությունը, որ պարտադրանքով լուծելու դեպքում պարտադրանքի թիրախը հավանական է, որ մենք լինենք։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ կարգավիճակ, որ նման պարտադրանքով կարող է սահմանվել, կհամապատասխանի մեր իղձերին։

«Ազատություն». – Կարծում եք, ռուսները հեռանալու մտադրություն ունե՞ն Արցախից։

Գրիգորյան. – Ոչ, չեմ կարծում։

«Ազատություն». – Միջանցքի թեման ճի՞շտ քաղաքականություն է վարում Երևանը, երբ ասում է կարմիր գիծ է դա։

Գրիգորյան. – Կարմիր գիծը կարելի է որևէ տեղ քաշել և որևէ հարցում քաշել։ Միակ հետաքրքիր հարցը այդ դեպքում այն է, թե արդյոք այդ կարմիր գիշը մենք ռեսուրսներ և հնարավորություն ունե՞նք պաշտպանելու, թե՞ ոչ։ Վերացականորեն ինչ-որ կարմիր գծեր քաշելը ինձ համար մի քիչ անհասկանալի ու անհետաքրքիր է։ Ես համաձայն եմ, որ դա [մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը] կարմիր գիծ պիտի լինի, բայց ես սկզբունքի մակարդակով ուզում էի նշել, որ այս կարմիր գծերի մասին խոսակցությունը կարող է անկախ լինել կարմիր գծերը պաշտպանելու կարողությունների մասին խոսակցությունից։ Հիմա ունե՞նք այդ կարողությունները, թե ոչ, ունե՞նք ռեսուրսներ այդ կարմիր գիծը պաշտպանելու։ Ինձ թվում է, այո։ Ինձ թվում է, մենք այս հարցում ունենք աջակցություն և դաշնակիցներ։ Մասնավորապես... այն պատկերացումը, որ Ադրբեջանը ունի, կամ երբեմն որ երևում է նրանց հայտարարություններում, որ այնտեղ պետք է շատ խստորեն սահմանափակվի Հայաստանի սուվերենությունը այդ տարածքի նկատմամբ և ինչ-որ ադրբեջանական կամ թուրքական վերահսկողությամբ դա պետք է տեղի ունենա, ես կարծում եմ, որ դա որևէ մեկին, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, ձեռնտու չէ։ Ես շատ կզարմանամ, եթե նման բան թույլ տան։ Ամենահավանական տարբերակը այդ դեբլոկադան է լինելու և ռուսական երաշխիքները ադրբեջանական բեռնափոխադրումների համար։ Մնացածը դետալներ են, այսինքն՝ անկարևոր չեն, բայց սկզբունքային նույն նշանակությունը չունեն։

«Ազատություն». – Եթե ռուսները ճանապարհը հսկում են, ադրբեջանցիները անարգել գնում-գալիս են, դա միջանցք չէ՞։

Գրիգորյան. – Դա եթե նույնիսկ միջանցք է, մեզ համար շատ ավելի ձեռնտու է, որ դա ռուսները հսկեն, քան ադրբեջանցիները։ Չարյաց փոքրագույնը դա է։ Դա երևի ինչ-որ կերպ կկապեն նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան կպարտադրվի Հայաստանին, որ Սյունիքի վրա մեր սուվերենությունը, սուվերեն իրավունքները կարող են խստորեն սահմանափակվել։