Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները հարցաքննվել են, «ձերբակալման որոշում չկա»

Կիրակի օրը Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիներն արդեն հարցաքննվել են, ձերբակալման որոշում չկա, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը: Բոլոր վերադարձածներն իրենց ընտանքիների հետ են:

«Տասը գերիները հայրենիք վերադարձան, և հաջորդ օրը Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում բոլորն էլ հարցաքննվել են, հիմա քննչական ու դատավարական գործողությունները շարունակվում են: Վարույթն իրականացնող մարմինը պաշտոնապես կհրապարակի արդյունքների մասին», - ասաց նա:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր երեկ թվիթերյան լուսանկար տարածել, որում հայ գերիներն էին ինքնաթիռում՝ տունդարձի ճանապարհին, ապա ինքնաթիռից իջնելիս Եվրամիության դրոշի ներքո: Կլաարը նաև շեշտել է՝ Եվրամիությունը կշարունակի աշխատանքը՝ կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկու երկրների առաջնորդների հետ:

Տասը գերիների վերադարձը հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը: Վերադարձած բոլոր գերիները պայմանագրայիններ են, որ գերեվարվել էին նոյեմբերին 16 -ին Իշխանասարի մարտական հենակետերից:

Ընտանիքներում մեկ ամսից ավելի այս օրվան էին սպասում:

32 զինծառայող էր գերեվարվել Իշխանասարի մարտերի ժամանակ, երեկ վերադարձան 10, ևս 11 զինծառայող ավելի վաղ էր վերադարձվել: Մյուսները դեռևս Բաքվի բանտերում են: Դեկտեմբերի սկզբին վերադարձած հայ զինծառայողներից 4-ն էլ Հայաստանի բանտերում են:

«Վերադարձախ գերիներից 5-ի նկատմամբ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացնում է ծանր հետևանքներ», - նշեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները` դիրքի պատասխանատուն, ավագը, և երկու դիտորդներ հակառակաորդի հարձակման մասին տեղեկացել ու նրանց զինաթափելու, վնասազերծելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել ադրբեջանցի զինվորների հետ: Ըստ փաստաբանների՝ իրենց պաշտպանյալները վերադասին զեկուցել են, որ ադրբեջանցիներն օրեցօր առաջանում են, իրենց դիրքերը շրջափակման մեջ են հայտնվում, բայց կրակելու հրաման չեն ստացել:

Այս 4 զինծառայողներից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև գումարտակաի հրամանատարի տեղակալին, դատարանը, սակայն, նրա կալանքի միջնորդությունը մերժել է:

«Ուղղակի խափանման միջոց ընտրելու հիմքերը, ինչը ներկայացրել է դատախազությունը, հիմքերը նվազ էին, իսկ ներկայացվել էր, որ ունի երկու երեխա անչափահաս, կինը հղի է` երրորդ երեխային է սպասում», - ասում է մայոր Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը:

Նա տեղեկացրեց՝ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելու իր պաշտպանյալի կալանքի անհրաժեշտությունը: Նիստի օրը դեռևս պարզ չէ: Կալանավորված գերիներն առողջական խնդիրներ ունեն, նրանց վերականգնողական բուժում է պետք, 4-ից մեկն էլ երկկողմանի թոքաբորբով է բանտախցում, տեղեկացրեց փաստաբան Թումասյանը. «Երկկողմանի թոքաբորբ է իր մոտ, այստեղ բուժում է ստացել, հենց խափանման միջոցն ընտրվել է, իրեն տեղափոխել են ավտոմատ Արմավիր ՔԿՀ»:

Կալանավորված 4 զինծառայողներից երկուսի շահերը ներկայացնում է փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա նաև հայ գերիների շահերի ներկայացուցիչն է Ստրասբուրգի դատարանում: Ըստ Սահակյանի՝ ամեն ինչ անելու են, որ վերադարձած գերիներն ազատության մեջ լինեն քննությանը զուգահեռ։ Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս գերիների կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէր համարել։

«Բնականաբար, համագործակցելու ենք քննություն իրականացնող մարմինների հետ, որպեսզի ողջ ճշմարտությունը վեր հանվի», - ասում է փաստաբան Սահակյանը` անթույլատրելի համարելով քաղաքական հայտարարությունները գերիների վերաբերյալ: Նկատի ունի վարչապետ Փաշինյանի ու խորհրդարանի նախագահի գնահատականները` ինչպե՞ս ու ինչո՞ւ են գերի ընկնում հայ զինվորները, դասալիքներ են և այլն:

«Եթե տեղի են ունենում քաղաքական հայտարարություններ, դրանք մշտապես շահարկվում են Ադրբեջանի կողմից: Մենք նշում էինք, որ ռիսկեր ենք տեսնում, որ նրանք կձգձգեն հայրենադարձման գործընթացը` այս հետապնդումների վրա ուշադրություն դարձնելով, և տեսանք, որ Ալիևը Հայաստանին մեղադրեց կալանավորման անձանց` ռազմագերիներին ձերբակալելու, կալանավորելու, անգամ խոշտանգումների մեջ»:

Բացի սրանից, վերադարձած զինծառայողները քննչական մարմիններին պատմել են Բաքվի բանտերում անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների մասին: Այժմ, երբ նրանք Բաքվի բանտից Հայաստանի բանտ են մտնում, բարդանում է միջազգային իրավական հարթակներում հայ գերիների պաշտպանությունը. Ադրբեջանն ամեն պահի կարող է կասկածի տակ դնել գերիների ցուցմունքների արժանահավատությունը, ասում է Սիրանուշ Սահակյանը. «Ադրբեջանի կառավարությունը հղում կկատարի Ալիևի հայտարարությանը, որտեղ մատնանշվում է, որ նրանք խոշտանգվում են Հայաստանում, և նրանց հետապնդման սպառնալիքներ ստեղծելով` կորզում են ցանկալի ցուցմունքներ»:

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչներից Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ՝ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր դեռ 50 հայ գերի կա, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը 130 է: Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 135 գերի։

Մինչև տարեվերջ հնարավո՞ր է գերիների նոր խմբի վերադարձ. փաստաբանն ասում է՝ օրինաչափություն է դարձել բարձր մակարդակի՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների կամ եվրոպական հովանու ներքո անցկացվող հանդիպումներից հետո՝ մի դրական ժեստ արվում է: Լավատես չէ, թե մինչև տարեվերջ նոր խումբ կգա:

Երեկվանից սոցցանցում, տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն և նաև տեսանյութ է տարածվում, թե հայկական կողմն է նույն՝ Իշխանասարի Ծղուկ գյուղի հատվածում գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողների: Համացանցը քննարկում, վերլուծում է տեսանյութը, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն ու Պաշտպանության նախարությունը մինչև այժմ որևէ տեղեկատվություն չեն տրամադրում: Երկու գերատեսչություններում էլ հեռախոսազանգերին արձագանքող չկա։