Դատարանում դեռ ընթանում է Վանաձորի նախկին համայնքապետ, դեկտեմբերի 5-ի ընտրություններում ամենաշատ քվե ստացած Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Նա երկու ամիս առաջ էր հեռացել պաշտոնից և իր անունով ստեղծված դաշինքով մասնակցել ավագանու ընտրություններին։
Վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, գնահատելով իրավապահների գործողությունները, տարակուսում է՝ ինչո՞ւ երկու տարի առաջ իրենց ահազանգերի հիման վրա հարուցված քրեական գործի մասին իրավապահները միայն հիմա հիշեցին։ Ինչո՞ւ Վանաձորի համայնքապետարանի գործողությունները կասկածի տակ առնող իրենց պնդումներն անտեսվել են, երկու տարի դատախազությունն անգործություն է ցուցաբերել, և ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո միայն ամենաշատ թվով ձայներ ստացած նախկին համայնքապետին պատժելու գործողություններ են ձեռնարկվում, ձերբակալման որոշում է կայացվում այն դեպքում, երբ նա այժմ փաստացի համայնքի ղեկավար չէ և որևէ կերպ չի կարող ազդել քննչական գործընթացի վրա։
Ընդ որում իրավապաշտպանը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումներին իրավապահներն ընտրողաբար են մոտեցել. «Շատ դեպքերում, եթե հիմա մենք ուսումնասիրենք նաև աճուրդների իրականացումը, կտեսնեինք, որ այնտեղ բավական մարդիկ կային, ում, օրինակ, աճուրդով տարածք գնելու համար աճուրդի օր է փոխվել, որը ևս անօրինական է, ու այդ տարածքը հասել է այդ մարդուն: Սրա մասով, չգիտես ինչի, ՊՎԾ-ն որևէ ուշադրություն չի դարձնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Իրավապաշտպանի ձեռքի տակ են դեռ երկու տարի առաջ Լոռու մարզպետարան հասցեագրված իրենց գրությունները, որոնցում հայտնել են, որ Վանաձորով անցնող Մ6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ոստիկանության Վանաձորի բաժնի նախկին պետ Արա Կարապետյանի զոքանչին պատկանող տարածքում, ապօրինի գերեզմանատուն է կառուցվում։ Այդ ժամանակ Լոռու նախկին մարզպետն «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավարի պատասխան գրության մեջ համոզմունք է հայտնել, թե համայնքի ղեկավարը խախտել է հողային օրենսգրքի պահանջները, հողատարածքն իր նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ուստի մարզի ղեկավարը դիմել է դատախազություն՝ այս գործողություններին իրավական գնահատական տալու խնդրանքով։
Գևորգ Քոթանջյանն ասում է՝ անցած երկու տարիներին մեկ անգամ իրեն կանչել են դատախազություն, բացատրություն պահանջել և վերջ, իրավական որևէ գործընթացի մասին այլևս չի տեղեկացել: Այսօր էլ գերեզմանատուն դարձած տարածքում շարունակվում են հուղարկավորությունները:
«Փաստացի անօրինականություն է, ու դրա դեմը չի առնվել: Այստեղ պետք է նաև, իմ կարծիքով, ուսումնասիրվի դատախազության անգործությունը, եթե դատախազությունը պնդում է, որ դա քրեական հետապնդում չէ, որովհետև փաստացի ունենալով երկու տարի այդ գործը` անգործության մատնվել և համայնքապետի ընտրությունից երկու օր առաջ ուղղակի գործը հասցնել դատարան ու կալանավորման այլ բան չի կարող հուշել, քան քաղաքական հետապնդում», - նկատում է Քոթանջյանը:
Քաղաքական իշխանությունն ուզում է մի կողմ դնել ժողովրդի կամքը. Երվանդ Վարոսյան
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական ճնշում է համայնքապետի ընտրության նախօրեին։
Գրեթե նույն մեղադրանքներով մի քանի օր առաջ կալանավորվեց նաև Վարդենիսի նախկին համայնքապետ, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը, որը ևս դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Վարդենիսի նոր համայնքապետի հիմնական հավակնորդն էր։ Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատությանն» ասաց. «Այնքան բացահայտ է համայնքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում հաղթած ոչ իշխանական թեկնածուների հետ տեղի ունեցողը, որ այս ամեն ինչը հավելյալ մեկնաբանության կարիք չկա: Ինձ թվում է` ակնհայտ է` ինչ է տեղի ունենում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավագանին լուծարելու միջոցով են փորձում հեռացնել պարոն Փարսյանին. ընդդիմադիր պատգամավորԺողովուրդն իր քվեով իր կամարտահայտությունն արտահայտել է, և հիմա քաղաքական իշխանությունն ուզում է մի կողմ դնել ժողովրդի կամքը, այն ժողովրդի, որի անունն իրենք առավոտից իրիկուն սիրում են տեղի-անտեղի հնչեցնել»։
Վանաձորի նոր ձևավորված ավագանիում «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ստացել է ձայների 39, իշխող` «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25 տոկոսը։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Մամիկոն Ասլանյանի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանը, 14,5 տոկոս քվե է ստացել, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 4 տոկոսից քիչ ավելի։ Ըստ այդմ՝ Ասլանյանը քաղաքապետ ընտրվելու ամենամեծ շանսերն ուներ։
Վաղը թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու 33 ընտրված անդամներին պետք է մանդատներ բաշխեր։ Բայց քանի որ անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատարան է դիմել՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, մանդատների բաշխումը հետաձգվել է։ Վաղը վարչական դատարանը կքննի կուսակցության հայցը։ Այն բավարարվելու դեպքում «Լուսավոր Հայաստանը» ավագանիում կարող է առնվազն մեկ մանդատ ունենալ, որի արդյունքում կփոխվի ձայների հարաբերակցությունը։