Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան Քոթանջյանը կդիմի դատախազություն՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի


Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Գևորգ Քոթանջյանը կդիմի դատախազություն. համոզված է, որ Վանաձորի քաղաքապետարանն իրեն կեղծ տեղեկատվություն է տրամադրել՝ թաքցնելով իրողությունը։ Նա քաղաքապետարան էր դիմել՝ պահանջելով պատասխանել, թե ովքեր են Շառլ Ազնավուրի անվան այգու վարձակալները։

Համայնքապետ Մամիկոն Ասլանյանի արձակուրդում եղած օրերին, նրան փոխարինող տեղակալ Արկադի Փելեշյանը պատասխանել է, որ այգին վարձակալներ չունի։ Մինչդեռ ՀԿ-ն պարզել է, որ այգու մի հատվածի վարձակալն արդեն 10 տարի հենց ինքն է՝ փոխքաղաքապետ, ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Արկադի Փելեշյանը։ Նա այգու տարածքը ձեռք բերելու պահին ևս ավագանու անդամ էր։

«Բոլորը գիտեն, որ Շառլ Ազնավուրի այգու մի հատվածը հենց վարձակալում է ինքը, և իր ռեստորանային համալիրն է այդտեղ», - ասաց Քոթանջյանը։

Վանաձորի Քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց՝ 10 տարի առաջ այգու սեփականության վկայականում փոփոխություն է կատարվել՝ երկու մասի է բաժանվել, ու այգուց առանձնացված հատվածը վարձակալության տրվել։ Այդ վարձակալած տարածքը ևս, ըստ Սուրեն Աբովյանի, շարունակում է լինել համայնքային սեփականություն։

«Այգին համայնքային սեփականություն է, ունի առանձին վկայական, չունի վարձակալ։ Այգու վկայականից առանձին, մի հատվածում կա վարձակալություն։ Այգին առանձին ունի սեփականության վկայական, որի մեջ դա չի մտնում», - նշեց Աբովյանը։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը պնդում է, որ քաղաքապետարանը ապօրինի է մասնատել հանրային այգու տարածքը։ Ընդ որում, որոշումը հաստատել է Քաղաքաշինության նախարարությունը։ Իրավապաշտպանը համարում է, որ տարածքը փաստացի տնօրինող փոխքաղաքապետը միտումնավոր է կեղծել տեղեկատվությունը՝ կոծկելով իր լիազորությունների չարաշահման փաստը։

Օրերս Վանաձորի համայնքապետարանում հանրային քննարկում էր այս տարվա սուբվենցիոն ծրագրերի շուրջ։ Կառավարությունում հավանության արժանացած 4 ծրագրերից մեկը վերաբերում է Ազնավուրի անվան այգուն, որի մի հատվածը տնօրինում է փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը։

161 միլիոն դրամով կբարեկարգվի և կլուսավորվի այգին, կկառուցվեն շատրվաններ, կտեղադրվեն նստարաններ ու աղբամաններ։

Հանրային լսումների ժամանակ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը համայնքապետարանի ներկայացուցիչներին տեղեկացրեց դատախազություն դիմելու իր մտադրության մասին։

«Այս առումով մենք պատրաստվում ենք դատախազություն դիմել, և նախօրոք զգուշացնենք, որ ամենայն հավանականությամբ սուբվենցիոն այս ծրագիրը կգնա ձախողման, սա ի նկատի ունեցեք», - հայտարարեց իրավապաշտպանը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչները, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետը, չարձագանքեցին։

Նշենք, որ այս տարի համայնքային ու պետական միջոցների համաֆինանսավորմամբ Վանաձորում նախատեսում են 4 ծրագրի համար ծախսել մոտ 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ Բացի մի քանի այգիներից, կհիմնանորոգվեն նաև «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մարզադպրոցը», թիվ 1 մշակույթի տունն ու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի մասնաշենքը։ Մինչ հանրությանը ներկայացնելը ծրագրերն արդեն կառավարություն են ուղարկվել ու հավանության արժանացել։

Քննարկման մասնակից ավագանու անդամները համարեցին, որ հանրային լսումներն այս դեպքում զուտ ձևական բնույթ են կրում և անիմաստ են, քանի որ իրենք առանձնապես առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն չունեն։ Մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Վահե Կռոյանն ասաց. «Բերեք այդ կարծրատիպը բոլորս միասին կոտրենք, որ այս հանրային քննարկումը ոչ թե լինի ձևական, ուղղակի պտիչկա դնելու, կոպիտ ասած, համար, այլ ռեալ լինի հանրային քննարկում»։

Հանրապետական խմբակցության անդամներ Արմեն Մատինյանն ու Սեյրան Ղամբարյանն ավելացրին. «Քննարկումները կարար մինչև ուղարկելը լիներ, դեմ չենք էդ բոլորը, ինչ որ պետք է կատարվի, բայց ավելի կարևոր, մեր հանրության ավելի մեծ մասսաներին ընդգրկող, անհանգստացնող հարց կա»։

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը պատասխանեց՝ հանրային լսումները օրենքի պահանջ են՝ անում են։ Շեշտեց, որ համայնքապետարանում կազմված առաջարկները բխել են իրենց հնգամյա զարգացման ծրագրից, որը հաստատել է նույն ավագանին։

«Հանրային քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի շրջանակներում կան ակտեր, նախագծեր, որոնք որ պարտադիր պետք է անցնեն հանրային քննարկում», - ասաց Օհանյանը։

Հանրային լսումներ անցած ծրագրերը մարտի 12-ին կներկայացվեն ավագանու հաստատմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG