Եթե տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա փուլային տարբերակով և նախ բացվեն երկաթուղային ճանապարհները, Հայաստանը այդ տարբերակին դեմ չի լինի, երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Առհասարակ Հայաստանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ կարևոր է, միանշանակ բխում է մեր շահերից, և այդ ապաշրջափակման գործընթացում երկաթուղին առավել կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանից ծանր իրեր արտահանելու տեսանկյունից՝ թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և այդտեղից այլուրեք, շատ կարևոր է: Բայց միևնույն ժամանակ Հայաստանը գիտակցում է, որ սա փոխադարձության սկզբունքով պետք է կատարվի», - ասաց Կարապետյանը:
Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնության են հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։ Այս բանակցություններից առաջ էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում Ալիևը շեշտել էր, որ այս պահին ունեն համաձայնություն կառուցելու երկաթուղային ճանապարհ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով։
Կա՞ արդյոք երկաթուղային կապը գործարկելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն, թե ոչ, պատգամավոր Կարապետյանը դժվարանում է պատասխանել՝ հիշեցնելով, որ ամեն դեպքում այս հարցի քննարկման գլխավոր ձևաչափը փոխվարչապետերի աշխատանքային խումբն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն ու Բաքուն վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը«Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունն է ամբողջությամբ ապաշրջափակման գործընթացը տարածաշրջանում իրականացնել, իսկ փուլայնության մասին պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի կամ ոչ», - ընդգծեց պատգամավորը:
Երեկ տեղի ունեցած բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը Սյունիքով անցնող ճանապարհը կամ «Զանգեզուրի միջանցքը» համեմատեց Լաչինի միջանցքի հետ՝ պնդելով, որ որ եթե Հայաստանն անարգել մուտք ունի դեպի Ղարաբաղ՝ առանց մաքսակետերի, ապա Ադրբեջանն էլ նույն կերպ պետք է կապվի Նախիջևանի հետ։ Փաշինյանը շտապեց հակադարձել, որ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար։
Այս հայտարարություններին հաջորդած ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ Ադրբեջանի նախագահն այլևս չանդրադարձան այս թեմային, ինչն, ըստ ընդդիմադիրների, առնվազն տարօրինակ էր. - «Մեծ է վախը, կասկածը, որ փակ դռների ետևում ինչ-որ համաձայնություններ կան»:
Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարապետյանն հակադարձում է՝ նոյեմբերի 9-ին հայտարարությամբ Հայաստանը Սյունիքով միջանցք տալու հանձնառություն չունի, այլ պարտավորվել է ապաշրջափակել ճանապարհները։
«Լեռնային Ղարաբաղում ապրում է հայ ժողովուրդը, որն անհրաժեշտություն ունի կենսական, հումանիտար և այլ նպատակների համար կապվածություն ունենա արտաքին աշխարհի հետ: և սա հակամարտության կոնտեքստն է: Եվ այնուհետև 9-րդ կետում խոսվում է ապաշրջափակման կոնտեքստի մասին, այսինքն՝ Նախիջևանը հակամարտության մեջ որևէ դերակատարություն չունի, այնտեղ Նախիջևանն ունի սահման Թուրքիայի և Իրանի հետ: Այսինքն՝ այստեղ հումանիտար հակամարտության համատեքստում դիտվող ճանապարհի մասին չէ խոսքը», - ասաց Մարիա Կարապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձումՀայաստանը շարունակելու է միջանցքային տրամաբանությամբ ոչինչ չբանակցել, վստահեցնում է իշխանական պատգամավորը, մինչ այդ ընդդիմադիրները նույնքան լավատես չեն: «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն, օրինակ, մտավախություն ունի, որ Ալիևն ու Փաշինյանը, ինչպես նաև փոխվարչապետերը քննարկում են միջանցքի տարբերակը, իսկ Ալիևի ճնշումներին Հայաստանի իշխանություններn ի վիճակի չեն դիմադրելու։
«Այն երկընտրանքը, որն առաջադրում է Ալիևը, վախ ունեմ, որ, այո, միշտ սեղանին նման տարբերակ եղել է: Ամեն ինչ պետք է անել դրա տարբերակը բացառելու: Այդ տարբերակը բացառելու առաջին գործողությունը բանակցող և Հայաստանը ներկայացնող անձի, քաղաքական ուժի փոփոխությունն է վերջացրած նաև ներքին հանրային բողոքն, ընդվզումը, դիմադրությունը, և պետք է արձանագրել, որ այդ դիմադրությունը հանրային տրամադրությունները իրենց դերը խաղում են», - նշեց Մանուկյանը:
Երեկ տեղի ունեցած բնակացությունները գնահատելով «խայտառ»՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշում է, որ դրանց միակ ձեռքբերումը՝ երկաթուղիների շուրջ պայմանավորվածությունը բխում է միայն Ադրբեջանի շահերից։ Ըստ Գեղամ Մանուկյանի, չեն խոսում առհասարակ նախկին Խորհրդային Հայաստանի երկաթուղու ողջ համակարգի գործարկման, այլ շեշտում են Մեղրիի հատվածի հնարավոր վերագործարկման տարբերակը։
«Երբ Փաշինյանը խոսում է Մեղրիի երկաթուղով դեպի Պարսկաստան գնալու, հատկապես դեպի Ռուսաստան գնալու մասին, «Հեքիաթն է կանչում, մանուկներ» հաղորդումը շատ ավելի տրամաբանական է: Որևէ մեկը թող առանձին վերցնի պատկերացնի, Երևանում նստում է գնացք, անցնում է Նախիջևանով, անցնում է Մեղրիով, անցնում է ամբողջ Ադրբեջանով, կանգնում է Բաքվի երկաթգծի կայարանում, դրանից հետո անցնում հասնում է մինչև Դաղստան, Դաղստանով մտնում է Ռուսաստան, և դա համարել որպես, այ, տեսեք, Ռուսաստանի հետ երկաթուղային կապի ապահովում.....», - ասաց նա:
Չնայած Մանուկյանի այս պնդմանը՝ երեկ Շառլ Միշելի ճեպազրույցում Մեղրիի մասին որևէ հիշատակում չկա, իսկ Հայաստանի իշխանությունները իրենց հերթին բազմիցս նշել են, որ քննարկում են խորհրդային տարիներին գործած բոլոր երկաթգծերի վերականգնման հնարավորությունը։