Գերիները չէին փախչելու կամ քննությանը խոչընդոտելու, որ անպայման կալանավորում են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Այն, որ որ գերների հետ կապված կարող են գործընթացներ լինել և նրանք քրեորեն հետապնդվեն, տեղավորվում է իրավական տրամաբանության մեջ: Եվ նրանք կարող են, օրինակ, կամովի գերի ընկած լինել, կարող են կատարել այլ բնույթի զինվորական հանցագործություններ, այստեղ որևէ չափազանցվածություն չեմ տեսնում, սակայն ինչպե՞ս է արվում և որքա՞ն է այն ուղեկցվում քաղաքական հրապարակային հայտարարություններով, սա չափազանց կարևոր է: Անմիջապես անազատությունը նորից ցանկալի դրսևորում չէ, միայն արարքի ծանրությունը չի կարող պայմանավորել կալանք խափանման միջոցի կիրառությունը: Մենք շատ լավ գիտենք, որ նախ պետք է փախուստի հավանականություն լինի կամ որևէ կերպով խոչընդոտեն քննությանը», - նշեց Սահակյանը:
Իրավապաշտպանը հավանական չի համարում, որ նրանք պետության կողմից իրականացվող քննության կխոչընդոտեն, իսկ փախուստի հավանականությունն, ըստ նրա, անհամեմատ ավելի փոքր է:
«Այս անձինք արդեն իսկ խոցելի առողջական վիճակում գտնվողներ են, որոնք դեռ այդ խոշտանգումները չեն հաղթահարել և այդ պայմաններում առողջական խնդիրներ ունենք, հոգեբանորեն ծանր վիճակում են, որպես կանոն անապահով ընտանիքներից են, չեն տիրապետում վարչական և այլ ռեսուրսի, ուստի նրանց կողմից հավանական չէ պետության կողմից իրականացվող քննությանը խոչընդոտելը:
Եթե նրանք փախչելու նպատակ ունենային, կարող էին քննարկման առարկա դարձնել երրորդ երկիր գնալը, դրա համար անազատության տեսքով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը իսկապես չեմ տեսնում: Բնականաբար, կա նաև բարոյական ասպեկտը՝ որքանով է նպատակահարմար ծանր վիճակում հայտնված ընտանիքներում ունենանք անազատության մեջ գտնվող անձ և մեծացնենք դժգոհությունը ընդհանուր պետական ապարատի նկատմամբ», - հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել ենՍահակյանն ընդգծեց՝ նրանք դեռևս կարող են գտնվել ազատության մեջ, և «եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ նրանց վերագրվող արարքները իսկապես կատարվել են և դատարանը դատապարտվի այդ հանցագործությունների մեջ, ինչո՞ւ ոչ, մենք կարող ենք ունենալ նաև անազատության տեսքով պատիժներ»:
«Ազատության» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ կալանավորվածներ չեն ընդունում իրենց մեղադրանքը, վերադասի հետ են կապո՞ւմ իրենց գերի ընկնելը, Սահակյանը պատասխանեց. «Գերի ընկնելու հանգամանքները շատ բարդ են, և պետք է քննարկման առարկա դարձնենք, թե պետությունը և վերադասներն արդյոք կատարե՞լ են բոլոր պարտականությունները մարտական դիրքում գտնվող ծառայողի նկատմամբ և եթե ոչ, ի՞նչ պատճառներով, եթե ոչ, ի՞նչ չափով է դա առնչություն ունեցել գերեվարման կամ այլ տեսակի հանցագործությունների կատարմանը: Այսինքն՝ արդյոք նպաստե՞լ են այդ գործոնները հանցագործությունների կատարմանը»:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ սկզբնական փուլում ոչ այնքան էական է՝ այդ արարքը կատարել են, թե չեն կատարել, որքան «կենսական է, որ նրանք անհիմն կերպով չգտնվեն անազատության մեջ»:
«Որովհետև քննությունը 20 օրերի ընթացքում շատ քիչ բան է կարողանալու պարզել, նույնիսկ պարզ գործերով, երբ ամբողջ ապացուցողական բազան գտնվում է Հայաստանի հսկողության ներքո, պահանջվում են ամիսներ կամ տարիներ: Հիմա այս հանգամանքները տեղի են ունենում մեկ այլ երկրի զինծառայողների կամ քաղաքական ղեկավարության ներգրավվածությամբ, ինչն արդեն իսկ դրանց քննության օբյեկտիվ խոչընդոտ է, և 20 օրը կամ մեկ ամիսը այն բավարար ժամանակը չէ, երբ քննությունը կարող էր առարկայական արդյունքներ բերել, բայց մեր հասարակությունը, մեր իրավապահ մարմինները և քաղաքական գործիչները առաջ են անցնում և օր առաջ սկսում են որակումներ և գնահատականներ տալ այս անձանց գործողություններին այն պարագայում, երբ այս անձինք խոցելի են իսկապես պետության պաշտպանության ու հոգացության կարիքն ունեն», - հավելեց նա:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հավելեց նաև. «Արդեն ունենք վստահորդ, որը սկզբնական փուլում ներկայացված է եղել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից, այս պահին կալանավորված է, և մենք բնականաբար հասարակական հիմունքներով ենք այդ պաշտպանությունն իրականացնելու, բայց ցավալի է, որ պետությունը նաև հաշվի չի առել շատ ավելի լուրջ գործոններ, ինչպիսին առողջական վիճակն է, վնասվածքներն են, խնամքին անչափահաս երեխաների գոյությունը, և, իրավական ու բարոյական սահմանները հատելով, այս անձի նկատմամբ կիրառվում է ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը»: