«Որ ասում են, թե մշտապես բանակցել են յոթ շրջանները տալու մասին և դա անխուսափելի էր, ակնհայտ սուտ է և կեղծիք», - «Ազատության» եթերում հայտարարեց Ազգային ժողովի փախնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այդ մասին բազմաթիվ անգամ, բազմաթիվ փաստերով խոսվել է: Երերք նախագահների օրոք երբեք տարածքները հանձնելու մասին բանակցություն չի եղել, եղել են լայն բանակցություններ, որտեղ տարածքներ զիջելու մասին, այո, խոսք եղել է, բայց, ինչի՞ դիմաց, երբեք Արցախի կարգավիճակի հարցը երկրորդական չի եղել», - ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, - «էս մարդիկ իրենց անկարողությունը, իրենց ձախողումը արդարացնելու համար հենց հիմա, այս օրերին իրենց հայտարարություններով վտանգի տակ են դնում նաև հետագա բանակցությունների ընթացքը, Արցախի հետագա կարգավիճակի հարցը»:
Արձագանքելով իշխանություններից հնչող հարցին՝ եթե «դուք լինեիք, ի՞նչ կանեիք, որ պատերազմը չլիներ», Սաղաթելյանը նշեց. «Կանեինք հակառակը, ինչ իրենք արեցին»:
«Մենք ասել ենք՝ իրենց գործունեության ընթացքում տեղի ունեցավ պատերազմ, պատերազմի ընթացքում դրսևորեցին անգործունեություն, անկարողություն, ձախողեցին բոլոր ուղղություններով մեր աշխատանքները և երկիրը բերեցին հասցրեցին կապիտուլյացիայի: Մի եթերը բավարար չի ասելու համար՝ ինչ կանեինք. բանակը չէինք թուլացնի, իրականում բանակը կզինեինք, այլ ոչ թե ելակով, ներքնաշորերով ու կեղծ «ՍՈւ-30»-ներով կխաբեինք հասարակությանը, բանակցությունները չէինք տանի փակուղի և հանգեցնեինք պատերազմի», - ընդգծեց նա:
Սաղաթելյանն ասաց՝ իշխանությունը վերցրել է մի թեզ, որ այս ամենն անխուսափելի էր՝ ընդգծելով. «Նիկոլ Փաշինյանի այդ ելույթները ինքնախոստովանական ելույթներ են»:
«Այն թեզը, որ իրանք որդեգրել են՝ այլ ճանապարհ չկար, այլ տարբերակ չկար, այս ամեն ինչը որոշված էր ու այսպես էլ պետք է լիներ, ուրեմն ինքը պետք է շատ հստակ հայտարարի, որ 2018 թվականին իշխանությունը ստանձնելուց առաջ ինքը գիտակցաբար, հասկանալով, որ այլևս այլ տարբերակ չկա, եկավ իշխանության և ամեն ինչ արեց, որ Արցախը տա: Ի՞նչ է նշանակում այլ տարբերակ չկար, այլ տարբերակ կար, սա ամենաաղետալի և ողբերգական տարբերակն էր, որ տեղի ունեցավ իր գլխավորությամբ, իր թիմի և իրենց մասնակցությամբ», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցությունը կասեցնում է միջազգային կազմակերպություններին մասնակցությունը, Սաղաթելյանը ասաց. - «Խորհրդարանի մեր մի շարք պատգամավոր, այդ թվում նաև «Պատիվ ունեմ»-ից կեղծ, հստակ քաղաքական մեղադրանքներով իրենք արգելափակված են և չեն կարողանում երկրից դուրս գալ: Մենք ներգրավված ենք մի շարք միջազգային պատվիրակություններում որտեղ չենք կարողանում մասնակցություն ունենալ: Մեր ֆրակցիայի բազմաթիվ անդամներ ներգրավված են մի շարք միջազգային մի շարք պատվիրակություններում, երբ որ ցանկանում են մասնակցել այդ միջոցառումներին, թույլ չեն տալիս մասնակցենք, ստացվում է, որ մեր խմբակցությունից շատ հաճախ իրենք են որոշում, թե ով պետք է ինչ-որ պատվիրակությունում ներկա լինի կամ չլինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինձ չեմ հարգի՝ ես մեկնեմ գործուղման, երբ մյուսներն ապօրինի զրկված են այդ իրավունքից». ընդդիմադիր պատգամավոր