Մատչելիության հղումներ

Իշխան Զաքարյանը լքում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հայտարարում` գործելու է ընդդիմադիր դաշտում


Իշխան Զաքարյանը լքել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, դարձել ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր։

Նրա անունը ԱԺ կայքում վայրկյանների ընթացքում հանվեց ընդդիմադիր խմբակցության ցանկից։ Չնայած ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ պատգամավորը խմբակցությունից կարող է դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարելով, բայց Զաքարյանի որոշումը դահլիճում հրապարակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նրա բացակայության պայմաններում, գրությունն էլ Զաքարյանն ուղղել էր Ազգային ժողովի խոսնակին։

«Երեկ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին` հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր», - տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը:

Իշխան Զաքարյանը «Պատիվ ունեմ»-ում էր հայտնվել դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության շնորհիվ։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է, հրաժարվեց մեկնաբանել Զաքարյանի որոշումը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս առատախոս չէր. «Ես համարում եմ, որ կոնկրետ այս դիպվածը իմ գնահատականի կարիքը չունի, բայց ինքս` որպես անհատ, միշտ կողմնակից եմ եղել պարտադրական մանդատի»:

Զաքարյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը, ասել է ավելի ուշ:

Խորհրդային Միության ժամանակ Կոմկուսի անդամ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի Օլիմպիական կոմիտեն, Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ Վերահսկիչ պալատը ղեկավարած Իշխան Զաքարյանը նաև տարբեր գումարումների խորհրդարանների` «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավոր է եղել։ Այսինքն` նա առաջին անգամ չի հայտնվել այս կամ այն խմբակցությունում, տարիներ շարունակ աչքի չի ընկել օրենսդրական ակտիվ գործունեությամբ: Բայց լրատվամիջոցները տարածեցին նրա հայտարարությունը, որտեղ ասում է, թե ունի այս «ճգնաժամից դուրս գալու, բազմաթիվ խնդիրներ լուծելու գաղափարներ, առաջարկներ, մշակումներ», իսկ ցանկացած դաշինք, ըստ նրա, «որոշակի կաշկանդող գործոն է»։ Որոշումն այսպես էր բացատրել:

Հայտարարությունից, այնուհանդերձ, այդպես էլ հստակ չի դառնում՝ որն էր խմբակցությունը լքելու բուն պատճառը, մանավանդ որ Զաքարյանը պնդել է, թե գործելու է ընդդիմադիր դաշտում։

Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Զաքարյանն ունե՞ր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց խմբակցությունը չի աջակցել կամ խոչընդոտել է:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի խոչընդոտել և չի խոչընդոտելու իր պատգամավորների աշխատանքային պարտականությունների կատարումը, իսկ մեկնաբանել պարոն Զաքարյանի որոշումը կամ հայտարարությունը, կարող է միայն ինքը` պարոն Զաքարյանը», - ի պատասխան ասաց Մամիջանյանը: «Ես կարծում եմ, որ ֆրակցիայի ներսում ներկայացված բացատրությունները ինքը կարող է ներկայացնել, թե դրանց որ հատվածն է ուզում հանրայնացնել, իսկ որ հատվածը` ոչ»:

Իշխան Զաքարյանը հայտարարությամբ պնդել է՝ խմբակցությունից դուրս գալն իր անձնական որոշումն է։

Իսկ մամուլը տևական ժամանակ գրում է այդ հեռանկարի մասին՝ ընդ որում տարբեր վարկածներ առաջ քաշելով, թե իշխանության շրջանակներից են Զաքարյանին համոզել դուրս գալ ընդդիմադիր խմբակցությունից, գործել հօգուտ իշխանության, և որ դա է այն գինը, որի արդյունքում նա չի հայտնվի ճաղերի հետևում։ Զաքարյանը պարբերաբար հերքել է այդ վարկածները։

Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրեցին՝ Զաքարյանին պատոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների չարաշահում կազմակերպելու կամ դրդելու, կամ օժանդակելու մեղադրանքներ են առաջադրված։ Նրա նկատմամբ նաև ընտրված խափանման միջոց կա՝ երկրից չհեռանալու ստորագրություն։ Քննության ընթացքում, ըստ Գլխավոր դատախազության, նաև Զաքարյանի սեփականության վրա է կալանք դրվել։

Ընդդիմադիր մնալու նրա պնդումը գործնականում ինչ արտահայտություն կունենա՝ ցույց կտան քվեարկությունները։

Կա մի հանգամանք. այս խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագրին» ընդամենը մեկ ձայն է պակասում՝ այսպես ասած` սահմանադրական մեծամասնություն ունենալու՝ ձայների 2/3-ով նախագահի պաշտոնանկության կամ ԱԺ-ում առանց ընդդիմության աջակցության սահմանադրական փոփոխություններ անելու համար։

«Պատիվ ունեմ»-ում ի՞նչ են կարծում՝ իշխանության մատը խա՞ռն է: «Ես Ձեզ կոչ եմ անում այս բոլոր հարցերն ուղղել պարոն Զաքարյանին, եթե դա չհաջողվի, ես ինքս կարող եմ փոխանցեմ», - ասաց խմբակցության քարտուղարը:

XS
SM
MD
LG