Իրականում շատ դժվար է պատասխանել հարցին՝ արդյոք Հայաստանը միացե՞լ է «3+3» ձևաչափին, չնայած պաշտոնական Երևանը ներկայացված է լինելու այդ ձևաչափով այսօր Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպմանը, «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Տեղի է ունենալու հանդիպում, բայց մինչև այսօր մենք հստակ ինֆորմացիա դրա հետ կապված չունենք, մենք չգիտենք, թե ինչ օրակարգով է լինելու հանդիպումը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում վաղը կայանալու է «3+3»-ի առաջին հանդիպումը. Վրաստանը չի մասնակցելու«[Ազգային ժողովում] Նախորդ հարցուպատասխանի ժամանակ ես հենց սրա մասին էի հարցնում, որ մենք ինչպիսի՞ դիրքորոշում ունենք, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, որ մեզ դեռևս ամբողջական պատկերացումները տրված չեն, այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչ է քննարկվելու այդ «3+3» ֆորմատով, հետևաբար՝ վերջնական դիրքորոշում չունենք։ Բայց մենք տեսնում ենք, որ մենք արդեն մասնակցություն ունենալու ենք», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով. - «Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք չենք քննարկելու այդ ֆորմատով այնպիսի հարցեր, որոնք այլ ֆորմատներում ներառված են, այդ դեպքում մնում է հասկանալ, թե ինչ է առհասարակ քննարկվելու։ Եթե ապաշրջափակման մասին քննարկումները եռակողմ ֆորմատով են, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով էլ արցախյան հիմնախնդրի կարգավորումն է, ապա դժվար է հասկանալ, թե այս ֆորմատը մեզ ինչ է տալու»։
Հայաստանի վարչապետի հավաստիացմանը, թե իր դիրքորոշումը հայտնել է, և ռուսական կողմից դրական ազդակ է ստացվել, ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց. - «Քանի որ մենք վերջին ժամանակահատվածում դրական ազդակների մասին խիստ վիճահարույց պատկերացումներ ունենք, այս դեպքում էլ բավականին բարդ է։ Բայց սա առնվազն ցուցիչ է առ այն, որ Նիկոլ Փաշինյանը և քաղաքական թիմը տարբեր գործընթացներ են սկսում և ընթացքի մեջ են, որոնց մասին հայ ժողովուրդը ընդհանրապես տեղյակ չէ։ Եվ սա իհարկե դատապարտելի քաղաքականություն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերին կայանալիք «3+3» ֆորմատի նախանիստին Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարարը«Ազատության» դիտարկմանը, որ թերևս դրական ազզդակը ռուսական կողմից է, որ «այո, մենք էլ չենք քննարկի այլ հարցեր, որոնք, ասենք, Մինսկի խմբում են ներգրավված եղել», Աննա Գրիգորյանն արձագանքեց. - «Այո, իհարկե, եթե իրականում դա դրական ազդակ է, շատ լավ է։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանից և Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակներ էր տեսնում, որոնք հետո ընդամենը ռազմական ագրեսիայի դրսևորումներ էին ունենում, այս դեպքում ինձ դժվար է ասել, թե արդյոք դա դրակա՞ն ազդակ էր, թե՞՝ ոչ։ Բայց այն, որ արցախյան հիմնախնդիրը ուղղակի անթույլատրելի է, որ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս գա և այլ որևէ ֆորմատով արդեն քննարկվի, բնականաբար, բոլորս կիսում ենք այդ կարծիքը»։
Ընդդիմադիր խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ «3+3» ֆորմատը առհասարակ «չի կարող ի սկզբանե հայանպաստ ֆորմատ լինել, որովհետև այն առաջարկվել էր Թուրքիայի կողմից և ըստ էության մեկ հիմնական նպատակ ունի՝ ամրագրելու Թուրքիայի ներկայությունը այս տարածաշրջանում հատկապես պատերազմից հետո»։ «Հետևաբար, այն որևէ կերպ չի կարող հայկական օրակարգին սպասարկող ֆորմատ լինել», - եզրակացրեց Աննա Գրիգորյանը, հարցին էլ՝ «նույնիսկ եթե մեզ այնտեղ կանչում են ռուսնե՞րը», արձագանքելով. - «Դե գիտե՞ք, անկախ նրանից, թե ով է կանչում, մենք պետք է հասկանանք, թե ինչ օրակարգ է այնտեղ դրվելու և որքանով է այն սպասարկելու մեր շահերը»։
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.