«Ցավալի է,որ Վրաստանը չի ցանկանում միանալ «3+3» ձևաչափին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Գրիգորի Կարասինը։
«Թբիլիսի մերժումը՝ մասնակցել «3+3» ձևաչափին (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան+Ռուսաստան-Իրան -Թուրքիա) ափսոսանք է հարուցում։ Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց թեմաները և որոնել մեզ միավորող թեմաներ։ Չնայած առկա տարաձայնություններին, պատրաստ ենք ընդհանուր շահեր որոնել տնտեսական և մարդասիրական ոլորտներում», - Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպման ժամանակ նշել է Կարասինը։
«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն: Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:
Երևանն ի պաշտոնե չի մերժել նախաձեռնությունը, սակայն հստակ նշել է, որ «3+3» ձևաչափով չի քննարկվի Ղարաբաղի խնդիրը, քանի որ դա վերապահվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և ընդհանրապես այդ ֆորմատը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում: