Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 347-ով, բուժվածներինը՝ 1208-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 347-ով՝ հասնելով 342 հազար 115-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1208-ով և հասել 324 հազար 224-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 416 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 433 հազար 927-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 767-ի, ևս 1472 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 652 մարդ:

Արցախում՝ վարակի 53 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 հազար 626 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 381-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։