Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 410-ով՝ հասնելով 341 հազար 468-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 408-ով և հասել 322 հազար 814-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 485 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 419 հազար 770-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 728-ի, ևս 1464 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 462 մարդ:
Արցախում՝ վարակի 62 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։
2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 հազար 137 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 328-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։