ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ներկայացրեց իր որոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի հրատապ միջոց կիրառելու դիմումների վերաբերյալ։
Հայաստանի պահանջներից մեկը գերիների անհապաղ ազատ արձակումն էր:
Թեև դատարանը նշեց, որ միջազգային հումանիտար իրավունքը սահմանում է, որ որևէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն, այնուամենայնիվ դատարանը չհամարեց, որ «գերիներ կամ պահվող անձինք համարվող բոլոր մարդիկ պետք է հայրենադարձվեն», քանի որ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ այս մարդիկ շարունակում են պահվել Ադրբեջանում իրենց ազգության կամ ռասայական ծագման հիմքով։
Հիշեցնենք` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը դատարանը քննում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ում վստահ են` ներկայացրել են բոլորը հիմքերը Հաագայի դատարան` հրատապ միջոց կիրառելու համար, դրական արդյունք են ակնկալումՀաագայի դատարանը, սակայն, համարեց, որ Ադրբեջանում պահվող մարդիկ չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով, նրանք պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։
«Ադրբեջանը պարտավոր է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր մարդկանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու նպաստումը, այդ թվում` պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայ մարդկանց, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն», - ամփոփեց դատավոր, դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։
Փոքր ընդմիջումից հետո Արդարադատության միջազգային դատարանը ներկայացրեց նաև իր որոշումը Ադրբեջանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն շարունակելու է միջազգային դատարաններում Հայաստանի դեմ հայցեր ներկայացնելԲաքուն պնդել էր, որ անգամ պատերազմից հետո Հայաստանը կանխում է էթնիկ ադրբեջանցիների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր, քանի որ ականապատել է տարածքները և չի տրամադրում անհրաժեշտ քարտեզները ականազերծման համար։
Դատարանը չի համարում, որ Հայաստանը պարտավոր է ձեռնարկել քայլեր` աջակցելու Ադրբեջանին իրականացնելու ականազերծում, ինչպես նաև Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը չպետք է քայլեր իրականացնի, որ Հայաստանն այլևս չտեղադրի ականներ։
Դատարանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով»։
Հայաստանի վերաբերյալ դատարանը որոշեց. «Հայաստանը իր ստանձնած պարտավորությունների համապատասխան պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ կանխելու ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, այդ թվում` իր տարածքում գործող կազմակերպությունների և անհատների կողմից՝ ուղղված էթնիկ ադրբեջանցիների դեմ»։
Դատարանն անհրաժեշտ համարեց երկու կողմերին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել, որպեսզի ապահովվի նրանց միջև վեճի հետագա չսրումը։
«Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել վեճը՝ դատարանի համար ավելի դժվարացնելով դրա լուծումը», - հայտարարեց Հաագայի դատարանի նախագահը։
Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ընդհանուր գործերը դեռ շարունակելու է քննել, և այդ գործընթացը կարող է տևել երկար տարիներ: