Պաշտոնական Երևանը «սադրիչ, ապակառուցողական հռետորաբանություն» և Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք է որակում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը։ Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը պահանջել էր, որպեսզի Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը հրապարակի, և հիշեցրել էր 44-օրյա պատերազմից առաջ իր հայտարարությունները:
«Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի», - ասել է Ալիևը։
Հայաստանի արտգործնախարարությունը հղում է արել մինչ այդ ստորագրված եռակողմ երեք փաստաթղթերին ու շեշտել՝ դրանցում Հայաստանը Ադրբեջանին «միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չունի»:
«Հայաստանի Հանրապետությունն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Բաքվին՝ կոչ անելով «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից»Ըստ Արծվիկ Մինասյանի` Փաշինյանը պետք է ասի` ինչ է հասկանում «միջանցք» տերմինի տակ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ասում են՝ այս պահին Ադրբեջանից հնչող վերջնաժամկետի վերաբերյալ հայտարարություններին պատասխանելու անհրաժեշտություն չեն տեսնում:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասում է` Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն ավելի քան ամբողջական է. «Ես կարծում եմ` մեր և ԱԳՆ-ի, մասնավորապես, հիմնավորումները բավականին համապարփակ են, և բնականաբար, մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվելու»: Դիտարկմանը, որ գործընթացում, կարծես թե, առաջընթաց չկա, արձագանքեց` կլինի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը «խաղաղությունը փորձում է վաճառել Հայաստանին»Ընդդիադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նախ իր զարմանքն է հայտնում, որ իշխանական պատգամավորները ժամանակ են գտնում արձագանքելու ընդդիմադիրների բոլոր ելույթներին, բայց ոչ՝ Ալիևին. «Բնականաբար, ժամանակ ունեն իշխանական պատգամավորներն անդրադառնալ ամեն ինչին, բացի Ալիևի հայտարարություններից, երբ մենք ասում ենք, որ ուժի սպառնալիքի կամ փաստացի ուժի կիրառման վտանգի տակ չի կարող բանակցություններ տեղի ունենալ, մենք խոսում ենք հենց սրա մասին»:
Իշխանական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի համար անհասկանալի են ընդդիմության մեղադրանքները, չէ՞ որ Ալիևի երեկվա հայտարարությանը Փաշինյանն արձագանքել է դեռ շաբաթներ առաջ. «Ինչ պետք է` վարչապետն արձագանքել է»:
Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 23-ի հեռակա ասուլիսի ժամանակ էր վարչապետ Փաշինյանը վերահաստատել իր նախկին պնդումները, թե միջանցքային տրամաբանություն գոյություն չունի և ունենալ չի կարող։ Ավելին` պնդել էր, որ աշխատանքային մակարդակում Ադրբեջանը երբեք «միջանցք» արտահայտություն չի արել։ Սակայն հանդիպումից անմիջապես հետո էլ փաստորեն Ադրբեջանը շարունակեց սպառնալից հայտարարությունները՝ ուժով միջանցք բացելու վերաբերյալ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը այս պարագայում շատ էական է համարում, որ Երևանը բաց տեքստով ասի` ինչ է հասկանում «միջանցք» տերմինի տակ. «Քաղաքական տերմինաբանության մեջ կարող է օգտագործվի, բայց գետնի վրա, հողի վրա դա ինձ... հակառակ դեպքում ինքը {Փաշինյանը} պետք է բացատրի` ինչ է ինքը բացատրում, կամ Ալիևն իրեն ինչ է ասել, միջանցք ասելով ինչ է հասկանում ինքը»:
Նկատենք՝ իր վերջին առցանց ասուլիսի ժամանակ, որին հղում են անում վարչապետի թիմակիցները, Փաշինյանը այդպես էլ անպատասխան թողեց «Ազատության» հարցի այն հատվածը, թե հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին։
Հայտարարության իններորդ կետում ամրագված է «անարգել երթևեկություն» արտահայտությունը, որը Բաքվի մեկնաբանմամբ` հենց «սուվերեն միջանցք» էլ նշանակում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳ նախարարների հանդիպումը չկայացավ. Երևանը պատճառները չի մանրամասնում, Բաքուն խոսում է ՀՀ ԱԺ պատգամավորների Արցախ այցիցԱսուլիսին հաջորդած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահն ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները։ Այդ հանդիպումից մանրամասներ այդպես էլ չհրապարակվեցին։ Միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատությանն» ասաց, թե «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։
Հայտնի է, որ փոխվարչապետերը առաջիկայում ևս մեկ անգամ պետք է հանդիպեն։ Օրակարգը, ժամկետը, սակայն, հայտնի չեն։ Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպումից հետո տապալվեց Ստոկհոլմում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։